Օրերս «Գիրչի» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանին է ներկայացրել օրենսդրական փոփոխության նախագիծ, որը վերացնում է ընտրական ցուցակների ձևավորման հարցում գենդերային քվոտաները։ Արդյունքում խորհրդարանը վերացրել է գենդերային քվոտաները։ Թե այս գործոնն ինչպես կազդի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կանանց համամասնական ցուցակներում ընդգրկվելու վրա, դեռ հայտնի չէ։

Վրաստանի անկախության ողջ ընթացքում Ջավախքի հայաբնակ շրջանից ոչ մի կին ներկայացուցիչ չի եղել երկրի խորհրդարանում։ Գենդերային քվոտաների ներդրումը հույս ներշնչեց այս իրավիճակը փոխելու ոչ միայն այն շրջաններում, որտեղ ազգային փոքրամասնություններ են խիտ բնակեցված, այլ ամբողջ Վրաստանում:

Քաղաքականությունը դեռ արական տիրույթ է. «Գիրչի» կուսակցությունը, որի հիմնական դեմքերն էլ տղամարդիկ են, 2020 թվականին դիմել է Վրաստանի ՍԴ՝ գենդերային քվոտաները վերացնելու համար, ինչը քաղաքական կուսակցություններին գործնականում ստիպել է կանանց ներառել իրենց ընտրացուցակներում։ Սահմանադրական դատարանը չի բավարարել «Գիրչի»-ի հայցը, բայց արդեն այս ընտրական տարում խորհրդարանը չեղարկել է քվոտաները։

«Գիրչի» կուսակցությունը կանանց քաղաքականություն թույլ տալու իր դժկամությունը հիմնավորել է նրանով, որ գենդերային քվոտաները «զուրկ են տրամաբանական բովանդակությունից» և հակասում են իրավական նորմերին։ Որ նրանք իբր խանգարում են կուսակցություններին հասնել իրենց նպատակներին և ոչ մի կերպ չեն նպաստում կանանց իրավունքների ընդլայնմանը։

Վրաստանում այս տարվա հոկտեմբերի վերջին սպասվում են ընտրություններ։ Կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները սպասում են վերջնական ցուցակներին՝ եզրակացություններ անելու համար։ Ներկայիս 150 պատգամավորներից բաղկացած խորհրդարանում կա 112 տղամարդ և ընդամենը 27 կին։

«Դեռ կա ժամանակ, որ կուսակցություններն ընտրացուցակներն ուղարկեն։ Նրանք մինչ այժմ գրանցել են կուսակցություններին, սակայն մինչ ընտրությունները դեռ 13 օր ժամանակ ունեն ընտրացուցակներն ուղարկելու։ Այնուհետև մենք կարող ենք նայել ընտրացուցակները և գնահատել՝ կանայք բավարար չափով են ներկայացված այնտեղ, թե՝ ոչ։ Օրերս խորհրդարանում չեղարկվել են գենդերային քվոտաները։ Այլևս գենդերային քվոտաներ չեն լինի, և պարտադիր չէ կանանց ներառել ընտրացուցակներում։ Կտեսնենք, թե սա ինչ ազդեցություն կունենա ընտրացուցակների վրա, դեռ չգիտենք։ Հետաքրքիր է լինելու»,- ասում է ISFED հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նինո Դոլիձեն։

2018 թվականին խորհրդարանը մերժեց գենդերային քվոտաների մասին օրինագիծը։ Ավելի ուշ՝ 2020 թվականին, խորհրդարանն ընդունեց ընտրական փոփոխությունները, որոնք սահմանեցին 25% գենդերային քվոտաներ։ 2023 թվականի փետրվարին Վրաստանի խորհրդարանը համամասնական կուսակցությունների ընտրացուցակներում գենդերային պարտադիր քվոտաների գործողության ժամկետը երկարաձգեց մինչև 2032 թվականը։ Բացի այդ, պարզաբանվել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին և ավելի ուշ՝ մինչև 2028 թվականը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար յուրաքանչյուր չորս կուսակցական ընտրացուցակներում պետք է լինի առնվազն մեկ կին (այլ սեռի թեկնածու)։ Իսկ 2024 թվականին նույն խորհրդարանը վերացրեց գենդերային քվոտաները։

Խորհրդարանում գենդերային քվոտաները դրանք մեխանիզմներ են, որոնք ապահովում են կանանց և տղամարդկանց ներկայացվածությունն օրենսդիր մարմիններում։ Քվոտաների հիմնական նպատակն է վերացնել գենդերային անհավասարությունը և բարձրացնել կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ: Քվոտաների դրական ազդեցությունները ներառում են կանանց ներկայացվածության բարձրացումը, քաղաքականության մեջ բազմակարծությունը և որոշումների կայացման որակի բարելավումը: Սակայն կա նաև քննադատություն՝ կապված այն բանի հետ, որ քվոտաները կարող են հանգեցնել «քվոտավորման»՝ առանց որակավորումները հաշվի առնելու։ Տարբեր երկրներ քվոտաները տարբեր կերպ են կիրառում, և դրանց արդյունավետությունը կարող է տարբեր լինել: Քվոտաների հաջող կիրառման օրինակներ կարելի է տեսնել սկանդինավյան երկրներում, որտեղ գենդերային հավասարությունը քաղաքականության մեջ ձեռք է բերվել հիմնականում նման միջոցառումների շնորհիվ: