Հայկ Ռստակյանը, ով մեղադրվում է Ախալքալաքից և Նինոծմինդայից խորհրդարանի պատգամավոր՝ Սամվել Մանուկյանի գույքը վնասելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, գրավի դիմաց ազատ է արձակվել:
Մեծ Սամսար գյուղում Սամվել Մանուկյանի և Հայկ Ռստակյանի միջև տեղի ունեցած միջադեպից երեք օր անց` հոկտեմբերի 28-ին, վերջինս բերման էր ենթարկվել: Միջադեպը տեղի էր ունեցել Մեծ Սամսար գյուղում, 2020 թ. հոկտեմբերի 25-ի երեկոյան։ Սամվել Մանուկյանը Հայկ Ռստակյանին մեղադրում էր, որ վերջինս հարվածել էր նրան և քիթը կոտրել, նաև քարով վնասել էր իր մեքենան: Հայկ Ռստակյանը Jnews- ին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը չի ծեծել Մանուկյանին, այլ հակառակը, որդու աչքի առաջ իրեն են ծեծի ենթարկել:
Այս փաստի առթիվ հետաքննություն էր սկսվել Վրաստանի ՔՕ 126-րդ և 187-րդ հոդվածներով, ինչը ենթադրում է «բռնություն» և «գույքի վնասում կամ ոչնչացում»: Սույն գործով հոկտեմբերի 28-ին Հայկ Ռստակյանը ձերբակալվել էր:
«Սկզբում ինձ տարան ոստիկանություն, նրանք ուզում էին ինձ հարցաքննել, ես ասացի, որ առանց փաստաբանի չեմ խոսի: Հիմա ես արդեն փաստաբան ունեմ, բայց դրանից հետո ինձ դեռևս չեն հարցաքննել: Ուզում էին, բայց փաստաբանս զբաղված էր, ես չգիտեմ էլ, թե ինչի մեջ են ինձ մեղադրում, գուցե նրանք ասել են, բայց ես չեմ հիշում: Ես հիշողության խնդիր ունեմ, ես ամեն բան չեմ հիշում, ինչ կատարվում է ինձ հետ: 48 ժամ անց ինձ մեկուկես օրով նախ տարան Ախալցիխե, ապա Թբիլիսի, ես այնտեղ մնացի 4 օր։ Երբ ընտանիքս գրավը վճարեց, ինձ ազատ արձակեցին », – ասում է Հայկ Ռստակյանը:
Հայկ Ռստակյանի համար որպես գրավ վճարել են 3000 լարի: Ռստակյանի խոսքով, նա իրեն լավ չի զգում ու պառկած է անկողնում:
Այս գործով դատավարությունը նշանակված է դեկտեմբերի 22-ին: