Ճանապարհային նշանների, լուսացույցերի և գծանշումների բացակայությունը խաչմերուկներում, ոչ ճիշտ վայրերում նշանների տեղադրումը պարբերաբար հանգեցնում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման: Այս ամենն արդեն սովորական է դարձել Ախալքալաքի վարորդների համար, սակայն ժամանակ առ ժամանակ վթարների պատճառ է հանդիսանում:

znak2

Ախալքալաքում բազում վայրեր կան, որտեղ չկա տեղադրված հետիոտնի համար ճանապարհային նշան, սակայն տեղ էլ կա տեղադրված է՝ «շատ լինի, քիչ չլինի» սկզբունքով:

znak4

Օրինակ, Ախալքալաք մտնելիս՝ ավտոկայանի մոտ, շրջադարձի նշան կա: Սակայն իրականում այդ տեղով ընթացող վարորդը չի կարող շրջադարձ կատարել, իսկ այն անտեսելու պարագայում ճանապարհային ոստիկանները կտուգանեն:

znak8

Եթե ներքևից շրջադարձի նշանը կա, ապա ավտոկայանի կողմից այն բացակայում է:

znak1

Ազատություն-Միկոյան փողոցների խաչմերուկում, Ագրարային շուկայի հարևանությամբ տեղադրված «Կայանելն արգելվում է» ճանապարհային կարգավորիչ նշանը վարորդներն իրենք են ներկել:

«Մեր քաղաքում ամեն ինչ հակառակն է արվում: Ամենաբանուկ հատվածից, շուկայից մարդիկ բեռներով դուրս են գալիս, որ մեքենա նստեն, սակայն վարորդը կայանել չի կարող: Ստիպված կամ պետք է տուգանք վճարես, կամ հրաժարվես տվյալ հատվածում վարել: Ում մտքից անցնում է, որտեղ հարմար է նշան են դնում: Այդպես չի կարելի», – ասաց տաքսիի վարորդ Արմենը:

znak6Ախալքալաք քաղաքում առհասարակ բացակայում են գծանշումները: Կան ճանապարհային նշաններ, որոնք տարիների ընթացքում փչացել են՝ գունաթափվել, ծռվել և այլն:

znak5

Իսկ որոշ վայրերում նշաններն առկա են, սակայն դրանք փողոցի անկյունում հանգիստ տեղ են գտել «զրույցի» համար:

znak9

Իսկ այս նշանը հատուկ այլմոլորակայինների համար է:

znak10

Նալբանդյան փողոցի այս հատվածում, որը հատվում է գլխավոր ճանապարհի հետ, զիջման կամ առավելության որևէ նշան չկա, ինչը հաճախ վթարների առիթ է հանդիսանում:

znak11

Կենտրոնական, Ազատություն փողոցի այս հատվածում նշանն աննկատելի է իր հնության պատճառով:

znak12

Իսկ այս եկաթե ձողը պատմում է, որ մի ժամանակ այստեղ նշան է եղել:

znak13

znak15

Թամար թագուհու փողոցի վրա, ըստ էության, նշանները ճիշտ տեղում են, սակայն սխալ ուղղությամբ են «նայում»:

znak16

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս տարի մեր քաղաքում անխափան երթևեկության ապահովման համար նոր նշաններ կտեղադրվեն, փողոցներում գծանշումներ կհայտնվեն և այլն:

«Մենք պետք է ամեն ինչ անենք մեր քաղաքացիների անվտանգ ու հեշտ երթևեկությունը կազմակերպելու համար: Իմ հրամանով հիմա հանձնաժողով է ստեղծվել, որը կշրջի ամբողջ քաղաքով և փողոց առ փողոց կուսումնասիրի վիճակը և ըստ այդմ կտեղադրվեն նշանները: Մեր քաղաքի ամենամեծ խնդիրն այն է, որ մեքենաների համար կայանատեղի չկա, քաղաքը մեծանում է, ավտոմեքենաները օր օրի ավելանում են, պետք է համաչափ լուծում գտնել», – ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի Ճավճավաձե №5 հասցեում տեղադրված «Կայանելն արգելվում է» ճանապարհային նշանի պատճառով հակադրվել էին փողոցի բնակիչը, փողոցի վրա գտնվող բուքմեքերական գրասենյակի սեփականատերերն ու քաղաքապետարանը: Այս հարցը ևս դեռ լուծված չէ:

Աղունիկ Այվազյան