16-ամյա Սևակ Գաբրիելյանն Ախալքալաքի շրջանի Խորենիա գյուղից YouTube-ի արծաթե կոճակի է արժանացել, նա ամեն ամիս 200 եվրո աշխատավարձ է ստանում YouTube-ից:
YouTube-ի արծաթե կոճակին արժանանում են այն ալիքները, որոնց բաժանորդների քանակը հատում է 100 000-ի սահմանը: Սևակը այսօր ունի արդեն 490 000 բաժանորդ:
Առաջին հայացքից տղան ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից, սակայն առանձնանում է իր յուրահատուկ հետաքրքրություններով:
«Առաջին անգամ 14 տարեկան էի, երբ ալիք եմ բացել YouTube-ում հայերեն լեզվով և վիդեո դասեր եմ հրապարակել համակարգչի վերաբերյալ, հետո փոխել եմ կատեգորիան և հիմա ֆուտբոլի վրա եմ աշխատում», – ասում է Սևակ Գաբրիելյանը:
Ախալքալաքի գյուղերից մեկում ապրող 16-ամյա պատանին սկզբից ենթադրել անգամ չէր կարող, որ հնարավոր է նման հաջողության հասնել: Սևակն այնքան է տարվել համացանցով, որ YouTube-ի արծաթե կոճակը նրա համար նպատակ է դարձել:
Օրական 3-4 ժամ համակարգչի դիմաց և նպատակն արդեն իրականություն է:
«Երբ փոխեցի ալիքիս կատեգորիան, ուզում էի, որ անպայման արծաթե կոճակ ստանայի: Ֆուտբոլը իմ համար ամենահեշտն էր, մոնտաժում եմ հանդիպման լավագույն կադրերը և հրապարակում: Ընդհանրապես արծաթե կոճակը 100 000 բաժանորդի համար են տալիս, բայց մինչև իրենք ուղարկեցին, իմ ալիքի բաժանորդների թիվը հասավ 490 000 բաժանորդ», – պատմում է YouTube-ի մասին ամեն ինչ իմացող Սևակը:
Team Bwowos ալիքը բացվել է 2017 թվականին, սակայն տևական ժամանակ աշխատանք չի իրականացվել, միայն 2018 թվականի սկզբին է Սևակն սկսել աշխատել և մի քանի ամսվա ընթացքում հազարավոր մարդկանց հետաքրքրությանն է արժանացել: Այսօր գրեթե կես միլիոն բաժանորդ ունի:
Այն ամենը ինչ կապված է մոնտաժին ու համացանցին Սևակը ինքնուրույն է սովորել: Նա պատմում է YouTube-ով գումար է աշխատում և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ:
Սևակ Գաբրիելյանը ալիքը վարում է անգլերեն լեզվով, գրեթե ամեն ինչ հասկանում է, բայց խոսելուց դժվարանում է: 16-ամյա պատանին ծրագրում է դպրոցն ավարտելուց հետո ծրագրավորողի մասնագիտություն ստանալ: Իսկ կյանքում առաջնորդվում է՝ երազելու փոխարեն նպատակ դնել ու հասնել դրան սկզբունքով: Այսօր նրա նպատակն է արժանանալ YouTube-ի ոսկե կոճակի:
Աղունիկ Այվազյան