Երեկ՝ հոկտեմբերի 25-ի երեկոյան, Մեծ Սամսար գյուղում իշխող «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության մեծամասնական թեկնածուի իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, ծնունդով Սամսարից Ախալքալաքի բնակիչներից մեկը հարվածել է թեկնածուին՝ կոտրելով նրա քիթը, ինչպես նաև քարով հարվածել է մեքենային:
Ախալքալաքում պատգամավորության թեկնածուների կողմից ընտրարշավ չի անցկացվում, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Սամվել Մանուկյանը գյուղերում հանդիպում է իր կողմնակիցների հետ: Ակումբում կայացած հանդիպման ժամանակ ներս է մտել Հայկ Ռստակյանը: Նա սկսել է խոսել և հարցնել թեկնածուին, թե ինչ կարող է անել գյուղի համար:
«Երբ մենք դուրս եկանք ակումբի շենքից, Ռստակյանը կրկին մոտեցավ և սկսեց գոռգոռալ: Մենք սադրանքներին չենթարկվեցինք: Նա ասաց, որ Հենզել Մկոյանը կարող է գազ անցկացնել, իսկ ինչ կարող եք Դուք անել: Մենք, իմանալով, թե ում հետ գործ ունենք, ուղղակի պատասխանեցինք, 20 տարի թող քաշեր: Այդ պահին նա հավանաբար հասկացավ, որ չի կարող մեզ սադրել, և հարվածեց իմ քթին: Դրանից հետո, երբ մենք գնում էինք, նա քարով հարվածեց մեքենային», – պատմում է Սամվել Մանուկյանը:
Թեկնածուն կարծում է, որ դա սադրանք էր՝ հօգուտ անկախ թեկնածու Հենզել Մկոյանի:
«Այդ անձը, ըստ գյուղացիների, ընդհանուր առմամբ գյուղում չի լինում ոչ թաղումների, ոչ էլ այլ միջոցառումների ժամանակ: Ըստ ամենայնի, նա վերցրել է գումարը և այդպիսով որոշեց որոշ ձայներ վաստակել Հենզել Մկոյանի համար», – ասում է նա:
Անցած գիշեր Մանուկյանը հիվանդանոց էր դիմել, նրա քիթը կոտրված է, բայց, ըստ նրա, ինքը ցավ չի զգում, միայն քթի ծռությունն է նկատում:
Անկախ թեկնածու Հենզել Մկոյանն ասում է, որ Սամսարում տեղի ունեցած միջադեպի մասին իմացել է այսօր երեկոյան:
«Իշխող կուսակցությունը կարող է ասել այն, ինչ կկամենա: Ես դրա հետ ոչ մի առնչություն չունեմ: Այս մարդիկ կարող են ասել, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին սպանել է Սիրիայում, ես եմ մեղավոր: Կարող են ասել, որ կորոնավիրուսն էլ ես եմ բերել Ախալքալաք», – Jnews-ի հետ հեռախոսազրույցում մեկնաբանեց Մկոյանը:
Այս միջադեպի առթիվ սկսվել է հետաքննություն: