Ախալքալաքի մունիցիպալիտետի բուժքույրերը կունենան նոր բժշկական սարքավորումներ: Բժշկական սարքավորումների ձեռքբերման տենդերն արդեն հայտարարվել է մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից:
Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի 44 բուժքույրեր կստանան նոր բժշկական սարքավորումներ և պարագաներ: Բժշկական պարագաները նախատեսված են COVID-19 համաճարակի պատճառած սոցիալական բարդությունները հաղթահարելու համար:
Բժշկական սարքավորումների ձեռքբերման տենդերը հայտարարվել է հոկտեմբերի 30-ին` 167 160 լարիի չափով: Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև նոյեմբերի 16-ը:
Ըստ տենդերային փաստաթղթերի, նախատեսվում է ձեռք բերել հետևյալ պարագաները. հեռահար ջերմաչափ մեծահասակների և երեխաների համար, էլեկտրական ՍԿՀ մոնիտոր մեծահասակների և երեխաների համար, գլյուկոմետր, նեբուլայզեր և ինհալյատոր երեխաների և մեծահասակների համար, ախտահանիչ լուծույթ, մեծահասակների և երեխաների պարանոցի կայունացուցիչ, միանգամյա ձեռնոցներ, դիմակներ, վերքերի և շատ այլ իրերի ու սարքավորումների առաջնային վիրաբուժական հավաքածու:
Բրատիսլավ Իգիթխանյան