Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ը՝ հավելելով, որ ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո:

«Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր: Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունն իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են», – նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ:

«Հարձակումներ են ձեռնարկվել նաև Մարտակերտի, Մարտունու ու հարավային տարբեր ուղղություններով։ Բոլոր հարձակումները հետ են մղվել և հետապնդվել։ Մարտունիում՝ Ճարտարի ուղղությամբ հակառակորդին հաջողվել է վերցնել 1-2 դիրք», – անցնող օրն ամփոփելով ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Չնայած քաղաքացիական բնակչությանը չթիրախավորելու համաձայնագրին, հայկական կողմը հայտնում է, որ նոյեմբերի 1-ի գիշերը և նորյեմբերի 2-ի ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Ինչպես հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է:

Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է:

ՄԱԿ-ը հայտարարել է Ղարաբաղում հարձակումների ժամանակ պատերազմական հանցագործությունների նշանների մասին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում բնակավայրերի թիրախավորման և միջազգային իրավունքին հակասող միջոցներով գրոհների շարունակման կապակցությամբ: Բաչելետի փոխանցմամբ, այդ գրոհներին բնորոշ են պատերազմի հանցագործության նշաններ:

«Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր միջազգային կառույցների ներկայացուցիչները, այդ թվում` անձամբ ես, կողմերին բազմիցս կոչ են արել իրագործել անհրաժեշտ միջոցները և հնարավորինս նվազեցնել խաղաղ բնակիչների շրջանում կորուստները և բացառել հարվածները քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ դպրոցների ու հիվանդանոցների վրա»,- ասել է Բաչելետը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի փոխանցմամբ, չնայած այդ հորդորներին՝ բնակավայրերում ավերվել են տներ, իսկ մարդիկ ստիպված են ապաստանել նկուղներում:

«Տարբերակման կամ համաչափության սկզբունքների բացակայությամբ իրականացվող հարձակումը կարող է համարվել պատերազմի հանցագործություն»,- ասել է Միշել Բաչելետը:

Նրա խոսքով, հակամարտող կողմերը պարտավոր են հետաքննել այդ միջադեպերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ հանցանքը կատարողներին և հանցավոր հրամաններն արձակողներին: