Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմել է հայ ժողովրդին: Նա ասել է, որ շուրջ մեկ շաբաթ հայությունը դիմակայում է «ադրբեջանա-թուրքական ահաբեկչական հարձակմանը, որն աննախադեպ ծավալ ունի»:
«Հարյուրավոր տանկերով, հազարավոր արկերով ու հրթիռներով, տասնյակ ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով, հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով ու մի քանի տասնյակ հազար հետեւակով գրոհում են առաջնագծի ողջ երկայնքով:
Մեկ դիրքի վրա գրոհում է 150-ից 200 զինվոր, ընդ որում, այդ գրոհները օրական կրկնվում են մի քանի անգամ: Մեր դեմ են կռվում նաեւ սիրիացի ահաբեկիչներ եւ թուրքական բանակի հատուկ ջոկատայիններ: Տեղեկություններ ունենք այն մասին, որ 150 թուրք բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի բանակի տարբեր հրամանատարական օղակներում եւ ղեկավարում են գործողությունները», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն ասել է, որ հայկական կողմը կենաց-մահու կռիվ է տալիս, ինչի շնորհիվ թշնամին չի կարողացել որեւէ ռազմավարական խնդիր լուծել: «Աներեւակայելի է մեր զինվորների, կամավորների, սպաների տոկունությունը», – շեշտել է Փաշինյանը:
«Այսօր մենք ապրում ենք մեր պատմության թերեւս ամենավճռական պահը:
Նրանք չեն եկել միայն Ղարաբաղի կամ տարածքների հետեւից: Նրանց նպատակը հայությունն է ու Ցեղասպանության շարունակությունը: Բայց այսօրվա հայն այլեւս Դեր Զորի ճամփորդ չի դառնալու: Երեկ երեկոյան խոսել եմ մեր մի հրամանատարների եւ շարքայինների հետ՝ նրանք լի են անխորտակելի վճռականությամբ: Բացառապես հաղթանակն է այն ավարտը, որը մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում:
Այսօր մեր ուժերը էական հաջողություններ են ունեցել եւ ջախջախել են հակառակորդի մի քանի հատուկ ստորաբաժանում: Մենք պետք է կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որպեսզի նա այլեւս երբեք իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին: Սա մի նոր Սարդարապատ է եւ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է նվիրվել նպատակին, որի անունն է հաղթանակ: Ու մենք անպայման կհաղթենք: Փա՛ռք ընկած հերոսներին, փա՛ռք Հայոց բանակին», – ասել է Նիկոլ Փաշինյանը: