Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ թշնամական ուժերի հարձակողական գործողությունները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Ամբողջ գիշերվա ընթացքում պարբերաբար հրթիռակոծվել է Ստեփանակերտը: Երեք քաղաքացիական անձ է զոհվել:

Նոյեմբերի 5-ին եւ լույս 6-ի գիշերը եւս ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:

«ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել եւ թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արեւելյան, հարավային ու հարավ-արեւմտյան հատվածներում:

Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաեւ հարավ-արեւմտյան՝ Բերձորի հատվածում»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:

Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։
Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: