Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ գիշերվա ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ:
Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել եւ ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաեւ հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:
Հարավ-արեւելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը նոյեմբերի 1-ին շարունակել է կիրառել սպիտակ ֆոսֆոր տարբեր ուղղություններով։
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերը ֆոսֆորային զինամթերքով կրակել էր Արցախի անտառների վրա։ Միջազգայնորեն սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումը արգելված է, երբ դրանք կարող են վնասել քաղաքացիական բնակչությանը, դրանց կիրառությունը տարբեր դեպքերով սահմանափակված է։
Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից վարձկաններով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են այն մասին, որ «այդ երկրի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, հիմնական հույսը մնացել են վարձկաններ»։
ՊՆ ներկայացուցիչը նշել է նաև, որ վարձկանների մասով ադրբեջանական կողմին նոր անակնկալներ են սպասվում։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությանը՝ Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմը շատ լավ հասկանում է, թե ինչ դեր ունեն այդ երկրների ռազմական ներկայացուցչների փոխադարձ այցերը։