Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղում, Գրիգոր Գրիգորյանի տանը, սուրբ գրքերի պահարանում ուրույն տեղն ունի տանտերերի համար ժառանգական հարստություն հանդիսացող Սահակ Բաղիշեցու վերջին ձեռագիր մատյանը: Այն հիմնանորոգման և պահպանման կարիք ունի:
Գաղտնիք չէ, որ հայ մշակութային ժառանգությունը, պատմության և ճակատագրի հեգնանքով սփռված է աշխարհով մեկ՝ ազգի նման: Այնտեղ, որտեղ ապրել ու արարել է հայը, կյանքի գնով կարողացել է պաշտպանել հավատն ու հոգու հարստությունը:
Ջավախքում՝ որտեղ հայեր են բնակվել նաև մինչև 19-րդ դարի Արևմտյան Հայաստանից գաղթականների հոսքը, այսօր հայ մշակույթ կրող առեղծվածային վկայությունների ենք հանդիպում: Նման վկայություն կա նաև Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղում:
«Ավետարանը պատկանել է մայրիկիս, հիշում եմ, քնած թե արթուն իրենից հեռու չէր տանում գիրքը: Սա հատուկ զորություն ունեցող գիրք է: Ստամբուլից թուրքեր էին եկել, անտիկվար իրեր էին հավաքում, ինձ առաջարկեցին փող, բայց ես երբեք չեմ վաճառի, սա իմ մոր հիշատակն է, բացի այդ լավ նշան չէ, այսքան զորավոր գիրքը տնից դուրս հանել, այլապես անպայման դժբախտություն կպատահի», – մեզ հետ զրույցում ասաց Գրիգոր պապը, ում մոր ծնողները եղել են քահանաների ընտանիքից և ապրել են Ախալքալաքի շրջանի Սամսար և Բզավեթ գյուղերում:
Հավանական է, որ Ավետարանը Գրիգոր պապի մոր՝ Սաթենիկին է հասել հոգևորական պապերից:
Ավետարանի գոյության մասին քչերը գիտեն: Ձեռագիրը գտնվում է պահպանման համար ոչ համապատասխան պայմաններում (լույս, խոնավություն): Մեր հարցին թե արդյո՞ք չեն պատրաստվում համապատասխան մշակումներ կատարել, պարոն Գրիգորը, ասաց որ վախենում են ձեռագիրը տնից դուրս հանել, սակայն եթե երաշխիք ունենան, որ ձեռագիրն անվնաս կվերադառնա, ապա դեմ չեն լինի ավետարանի ճակատագիրը անորոշ չթողնել և անցկացնել համապատասխան վերականգնման աշխատանքեր:
Տիկին Սաթենիկը անընդհատ աղոթքներ է արել և ավետարանի մոտ մոմեր վառել, ուստի բացի խոնավ լինելուց նաև որոշ տեղերում կան մոմի հետքեր, նույնիսկ թերթերը իրար են կպել հալված մոմով, ինչպես նաև խոնավացած թերթերի մանրանկարները տեղ-տեղ երևում են կողքի էջերին:
Ձեռագրագետ Էլյա Սարիբեկյանը քչերից է, ով գիտի ձեռագրի մասին: Պատմության այս վկայի մասին մեզ հաջողվեց որոշ տեղեկություններ պարզել անմիջապես ձեռագրագետից: Ըստ նրա կատարած հետազոտության ավետարանը թվագրվում է 1641 թվականով:
«Մատյանն այնքանով է առանձնահատուկ, որ 17-րդ դարում մագաղաթյա ավետարաններ, այն էլ ձեռագրեր չենք հանդիպում, ձեռագիր ծաղկող գրիչը հայտնի Սահակ Բաղիշեցին է, ով եղել է արևմտյան Բաղեշ քաղաքի քահանան, ձեռագրի պատվիրատուն տեղի առաջնորդ Մեսրոպ Եպիսկոպոս Բաղիշեցին է եղել: Հիշատակարանից պարզ է դառնում, որ սա Սահակ Բաղիշեցու ծաղկած վերջին ավետարանն է: Ձեռագիրն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանդիպում ենք տերունական բոլոր մանրանկարներին», – մեզ ներկայացրեց ձեռագրագետ Էլյա Սարիբեկյանը, ով նշեց նաև, որ Բաղիշեցու ձեռագրերը հետաքրքիր են նաև նրանով, որ բացի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից հանդիպում ենք նաև Վենետիկի Մատենադարանում և Երուսաղեմի ձեռագրացուցակներում:
Հայկական մանրանկարչությունն առանձնահատուկ է ոսկու գերակշռությամբ, ինչը վկայում է պատվիրատուի հարստության մասին: Այս ավետարանում բացի մանրանկարներից, ոսկի է օգտագործված նաև տեքստում, բոլոր Տերունի բառերը գրված են ոսկե տառերով: Սակայն պահպանման ոչ համապատասխան պայմանները քայքայել են տառերը, թողնելով միայն հետքեր:
Ուստի կարելի է եզրակացնել, որ անհրաժեշտ է ուշադրություն, քանի որ այն մատյանը, որը Գրիգոր պապը ստացել է ժառանգաբար, միայն իր ժառանգությունը չէ, այլ այն ամբողջ հայության և համաշխարհային մշակույթի համար կարևոր արժեք ներկայացնող ձեռագիր է:
Ջավախքն առանձնահատուկ է իր սրբատեղիներով, յուրաքանչյուրը ստեղծման իր հիմքն ունի, մեկը երազ է տեսել՝ մատուռ կառուցել, մյուսը ավետարան է ունեցել՝ տան անկյունում սրբատեղի է ստեղծել… Սակայն Ջավախքի հոգևոր և մշակութային հարստությունը ոչ ուսումնասիրվում է, և ոչ էլ պահպանվում:
Ջուլիետա Տոնականյան