Ախալքալաքի «Վրացական երազանք» կուսակցության շտաբի պետը վարակված է COVID-19- ով, կուսակցության որոշ այլ ներկայացուցիչների մոտ նույնպես վարակը հաստատվել է, սակայն շտաբի մնացած աշխատակիցները ինքնամեկուսացված չեն:

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Ախալքալաքի շտաբում հաստատվել է կորոնավարակ: Հիվանդներից մեկը շտաբի պետ Գայոզ Լոմսաձեն է, ով ծանր վիճակում գտնվում է Թբիլիսիում, ինչպես նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ և կուսակցության շրջանային բջջի ղեկավար Նաիրի Իրիցյանը, ով բուժվում է տանը: Չորս շտաբի աշխատակցի մոտ մի քանի օր առաջ եղել է բարձր ջերմություն: Մեկ աշխատող հանձնել է թեստ, պատասխանը կլինի վաղը, մյուսները կորոնավարակի թեստ չեն հանձնել և այժմ հաճախում են աշխատանքի:

JNEWS- ի այն հարցին, թե ինչու շտաբի աշխատակիցներն ինքնամեկուսացված չեն, Ախալքալաքի «Երազանքի» շտաբի պետի պաշտոնակատար Մելքոն Մակարյանն ասաց հետևյալը.

«Նաիրի Իրիցյանը (Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ) և մենք 10 օր մինչ նրա մոտ կհաստատվեր կորոնավարակը իրա հետ չենք շփվել: Այո Ջուբոն (խմբ. Գայոզ Լոմսաձե) եկել է շտաբ, բայց դրանից հետո ոչ մեկիս մոտ խնդիրներ չկան: Ես ձեզանից եմ լսում, որ աղջիկները հիվանդ են եղել, նրանք իրենց լավ են զգում և գալիս են աշխատանքի: Ամենից շատ ես եմ շփվում աղջիկների հետ, բայց ինձ լավ եմ զգում, խնդիրներ չկան: Շտաբում թեստ չեն հանձնել, քանի որ ոչ ոք ախտանիշներ չի ունեցել: Միգուցե գրիպ, հազ, բայց դա սեզոնային հիվանդություն է, նրանք մի քանի օր տանն են մնացել ու արդեն գալիս են աշխատանքի: Շտաբում ինքնամեկուսացումը բացառված է », – պատասխանեց Մելքոն Մակարյանը:

Հարկ է նշել, որ վարակված մարդկանց շփումները չեն թեստավորվում, մինչդեռ նրանց մոտ ախտանիշներ չհայտնաբերվեն: