Մայիսի 26-ը Վրաստանում ազգային տոն է: Այս օրը ամբողջ երկրում նշվելու է Անկախության տոնը, և Ախալքալաքը բացառություն չէ: Այս անգամ այստեղ նախատեսվում է լայնածավալ ծրագիր:
Ինչպես տեղեկացրել է Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի գրասենյակի քաղաքացիական ինտեգրման բաժնի պետ Էլիսո Լոմիձեն, վարչապետի նախաձեռնությամբ Ախալքալաքում մայիսի 26-ին կանցկացվի Անկախության օրվան նվիրված մասշտաբային տոնակատարություն:
«Վարչապետի նախաձեռնությամբ Ախալքալաքում կանցկացվի մեծ տոնակատարություն: Այս տարի մենք տոնում ենք անկախության 101-ամյակը», – ասել է Էլիսո Լոմիձեն:
Միջոցառման սկզբում ելույթ կունենա տեղի պարային համույթը: Պատվո տախտակին կներկայացվեն ծագումով ինչպես հայ, այնպես էլ վրացի կարկառուն դեմքերը:
«Այս օրը 1918 թ., ժամը 17:10-ին հայտարարվեց Վրաստանի անկախությունը: Հենց մայիսի 26-ին, ժամը 17:10-ին, ամբողջ երկրում միաժամանակ կհնչի պետական օրհներգը: Այս ակցիային միանալու են բոլոր քաղաքացիները, անկախ ազգությունից, կրոնից», – ասել է Էլիսո Լոմիձեն:
Միջոցառման ավարտին Կրթության, գիտության և սպորտի հարցերով նախարարությունը կազմակերպելու է գալա համերգ, որին կմասնակցեն «Flash», «Egari» և «Forte» խմբերը:
Տոնակատարությունը կավարտվի հանդիսավոր հրավառությամբ:
Վրաստանի 14 քաղաքներում նախատեսվում է կազմակերպել Անկախության օրվան նվիրված լայնածավալ տոնակատարություն: Ինչպես ասել է Էլիսո Լոմիձեն, Ախալքալաքում միջոցառման կազմակերպիչներն են Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի գրասենյակը և «Kay Events» ընկերությունը:
«Մեր գրասենյակն առաջին անգամ նման լայնածավալ միջոցառում է կազմակերպում Ախալքալաքում և Մառնեուլում: Մեր կարծիքով, դա կլինի շատ մեծ, հետաքրքիր իրադարձություն, որին կմասնակցեն քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Ուրախ ժամանակ կանցկացնեն թե մեծահասակները, թե փոքրերը: Խաղահրապարակներ կկազմակերպվեն երեխաների համար», – կիսվում է Էլիսոն:
Նախատեսվում է կազմակերպել տարբեր միջոցառումներ, որպեսզի այս օրը հետաքրքիր լինի բոլոր բնակիչների համար, սկսած երեխաներից մինչև տարեցները:
Էլիսո Լոմիձեն խրախուսում է Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների բոլոր բնակիչներին մասնակցելու Ախալքալաքում կայանալիք տոնական միջոցառմանը: