Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 47 հազար 115 մարդ, հաշվառվել են նրանցից 22 հազար 800-ը, այսօր հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառվել կարող են կապ հաստատել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, մարզերում և համայնքներում ստեղծված կոորդինացիոն, հաշվառման կայանների հետ, ասել է Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Շատ կարևոր է, որ նրանք հաշվառվեն: Դա մեզ կտա ամբողջական պատկերը և կարիքները գնահատելու հնարավորություն՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերն արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև շահառուների շրջանակը հասկանալու համար: Արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որը հնարավորություն է տալու ԼՂ մեր հայրենակիցներին օգտվելու բնակարանի վարձակալության և հյուրընկալության ծրագրից: Սա նախատեսում ենք իրականացնել՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում: Ծրագիրն ունենալու է ևս մեկ բաղադրիչ՝ շահառուներին տրամադրվելու է սննդի քարտեր: Չենք բացառում նաև, որ առաջիկայում կոմունալ ծախսերի փոխհատուցման բաղադրիչ ևս ունենալ», – ասել է Նարեկ Մկրտչյանը։