Եվրամիությունը մտադիր է Վրաստանին, Կանադային և Թունիսին հանել օտարերկրյա պետությունների ցուցակից, որոնց հետ միության երկրներին թույլատրվում է բացել արտաքին սահմանները: Միևնույն ժամանակ, նախատեսվում է Սինգապուրին ներառել ցուցակում: Այս մասին այսօր հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին:
Այսպիսով, Վրաստանն այլևս չի ընդգրկվի Եվրամիության անդամ չհանդիսացող անվտանգ երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները կարող են մեկնել Շենգենյան երկրներ:
ԵՄ 27 երկրների դեսպանները որոշում են կայացրել ցուցակից բացառել Վրաստանը, Կանադան և Թունիսը՝ կորոնավիրուսով վարակակիրների թվի աճի պատճառով: Ցուցակի պաշտոնական հրապարակումը ակնկալվում է շաբաթվա վերջին: Այսպիսով, նոր ցուցակը կներառի ընդամենը ինը երկիր՝ Ավստրալիա, Չինաստան, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սինգապուր, Թայլանդ, Ուրուգվայ, Հարավային Կորեա և Ճապոնիա:
Մարտին կորոնավիրուսային համավարակի պատճառով եվրոպական երկրները փակեցին իրենց սահմանները ԵՄ ոչ անդամ երկրների համար: Հուլիսի 1-ին ԵՄ-ն սկսեց մասամբ բացել իր սահմանները: Դրա հետ մեկտեղ հաշվի էր առնվում այս կամ այն երկրում համաճարակային իրավիճակը, վիրուսի տարածումը զսպող միջոցառումները, ինչպես նաև տնտեսական և սոցիալական ասպեկտները:
Ցուցակը կվերանայվի և կթարմացվի երկու շաբաթը մեկ՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակի փոփոխությունները:
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը սկսեց կտրուկ վատթարանալ սեպտեմբերի սկզբից: Երկրում աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը, և մի քանի օր անընդմեջ օրական աճը գերազանցում է 1000-ը:
Մինչ հոկտեմբերի 21-ը երկրում կորոնավիրուսի համավարակի սկզբից վարակված մարդկանց ընդհանուր թիվը 21 208 է:
Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 9 003 հիվանդ: Մահացել է 172 հոգի: Վրաստանում վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: