«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը Սաակաշվիլիին անվանել է վարչապետի թեկնածու: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն:
«Այն ամենը, ինչը Վրաստանին թույլ է տալիս հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները, ստեղծվել է Միխեիլ Սաակաշվիլիի իշխանավարության ժամանակ: Դրոշը, զինանշանը, օրհներգը, անկաշառ ոստիկանական ուժը, բանակը, արդյունավետ ինստիտուտները, քառապատկված տնտեսությունը, բյուջեի 11 անգամ ավելացումը, անվտանգությունը, նվազած հանցագործությունները և կոռուպցիան՝ այդ տարիների ձեռքբերումներն են: Ուստի Միխեիլ Սաակաշվիլիի ռեսուրսների օգտագործումը բացարձակապես անհրաժեշտ է մեր պետության համար, եթե մենք ցանկանում ենք հասնել ներքին և արտաքին քաղաքական նպատակներին», – ասել է Վաշաձեն:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր երեկոյան հանդես կգա հատուկ հայտարարությամբ՝ կապված Վրաստան վերադառնալու իր ծրագրերի հետ: