Հոկտեմբերի 21-ից արտասահմանից վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար պարտադիր կարանտինի կանոնները կփոխվեն, – հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Այն Վրաստանի քաղաքացիները, որոնք արտերկրից վերադառնում են հայրենիք, կարող են պարտադիր կարանտինի փոխարեն ինքնամեկուսանալ, եթե տրամադրեն կորոնավիրուսի բացասական PCR թեստի արդյունք:
Ութօրյա կարանտին կուղարկեն կրկին այն քաղաքացիներին, ովքեր չեն ունենա PCR թեստի պատասխան, կամ ինքնամեկուսացման պայմաններ չեն լինի:
Համակարգող խորհուրդը քննարկել է նաև իրավիճակը երկրի կովիդ-կլինիկաներում: Ըստ կառավարության, երկրում մոբիլիզացվել է առնվազն չորս հազար մահճակալ:
Վրաստանի առողջապահության նախարարությանը հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքը` լրացուցիչ հիվանդատեղերի մոբիլիզացման համար, որպեսզի հիվանդանոցային հատվածում լինի 800-ից 1000 անվճար հիվանդատեղ:
Համակարգող խորհրդի նիստի ընթացքում նշվել է, որ կլինիկական կառավարման նոր մոդելը հնարավորություն է տալիս պահպանել անհրաժեշտ քանակի հիվանդատեղեր, քանի որ ասիմպտոմատիկ և հիվանդության մեղմ ընթացքով հիվանդներն այժմ բուժվում են տանը կամ կովիդ-հյուրանոցներում, և միայն ծանր հիվանդներ են տեղափոխվում հիվանդանոց:
Ինչ վերաբերում է դպրոցներում և բուհերում ուսման վերսկսմանը և ուսանողների ու ուսուցիչների վարակման դեպքերին, ապա, ըստ Կրթության նախարարության, յուրաքանչյուր դեպքում որոշումը կայացնում է դպրոցը կամ համալսարանը ինքնուրույն և օպերատիվ կերպով՝ համաճարակաբանների հետ խորհրդակցելուց հետո:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 1 351 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 21 208 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է՝ 9 003։
Գրանցվել է 172 մահվան ելք։ Կարանտինի ռեժիմում գտնվում է 64 462 քաղաքացի, իսկ բժիշկների հսկողության տակ է գտնվում 3 071 մարդ: Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: