Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Այս մասին այսօր առավոտյան հայտնել են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:
«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատերազմական կորուստներ
Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, Ղարաբաղի Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի դեմ մարտերում զոհված եւս 19 հայ զինծառայողների անուններ: Այսպիսով, սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների սկզբից ի վեր, հայկական կողմից արդեն զոհվել է 729 զինվոր:
Նշենք, որ ադրբեջանական կողմը չի հայտնում իր ռազմական կորուստների մասին՝ պատճառաբանելով «ռազմական գաղտնիքը»:
Քաղաքացիական կորուստներ
Հրադադարի ռեժիմի երկրորդ օրն է, բայց ոչ միայն առաջնագծում, այլեւ խաղաղ բնակավայրերում զինադադար չկա:
Նույնիսկ հրադադարի մասին համաձայնության գալուց հետո, ղարաբաղյան Մարտունի քաղաքը շարունակվել է ենթարկվել հրթիռահրետանային հարվածների, որի արդյունքում վիրավորվել է մեկ քաղաքացի, նա վիրավորվել էր բեկորներից: Մարտունիում շատ տեղեր կան, որտեղ կարելի է տեսնել արկերի հետքերը:
«Ոչինչ չի թուլացել, ավելի է ուժեղացել: Նրանք գիշեր ու ցերեկ ռմբակոծում են», – ասում է քաղաքի բնակիչներից մեկը:
Միջազգային հանրություն
ԱՄՆ պետքարտուղարը այս շաբաթավերջին Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին, հաղորդում է Politico ամսագիրը՝ հղում անելով Պետդեպարտամենտի իր աղբյուրներին։
Ըստ հաղորդագրության, Մայք Պոմպեոն առաջիկա ուրբաթ նախ հանդիպելու է ադրբեջանցի գործընկերոջը՝ Ջեյհուն Բայրամովին, ապա՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։
«Առայժմ, սակայն, հստակ չէ՝ արդյոք նախատեսված է հանդիպում նաև եռաչափ ձևաչափով» – հաղորդում է Politico-ն, նշելով՝ Պետդեպարտամենտն առայժմ չի պատասխանել այս մասին իրենց գրավոր հարցին։
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, սակայն, հեղինակավոր պարբերականի հետ զրույցում այսօր չի բացառել, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կարող են Վաշինգտոնում նաև դեմ առ դեմ հանդիպում անցկացնել։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն, իր հերթին, բարձր է գնահատել պետքարտուղարի վերջին հանդիմանությունները Թուրքիայի հասցեին՝ Ադրբեջանին աջակցելու և հակամարտությանը միջամտելու համար։ «Մենք խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում, այն պետք է լուծվի փոխադարձ զիջումների վրա», – ասել է Հայաստանի դեսպանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին հարգել հրադադարի մասին նոր պայմանավորվածությունը և դադարեցնել հարձակումները բնակավայրերի ուղղությամբ։
«Խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների ողբերգական սպանությունները, որոնց մասին վերջին հաղորդումները ստացվեցին հոկտեմբերի 16-ին Գյանջայում տեղի ունեցած հարձակումից հետո, լիովին անընդունելի են, ինչպես և անկանոն հարձակումները այլ բնակավայրերի, այդ թվում՝ Ստեփանակերտի վրա», – երեկ հայտարարել է Անտոնիո Գուտերեշը։
«Երկու կողմն էլ պարտավոր են հետևել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին», – հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ կոչը փոխանցել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին՝ վերջին հեռախոսազրույցների ժամանակ։