Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Ախալքալաքի շտապ օգնության 12 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավարակ։ Նրանք գտնվում են ինքնամեկուսացման մեջ։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Ախալքալաքի շտապ օգնության տնօրեն Երեմ Էզոյանը, թեստերի պատասխանները երեկ է պարզ դարձել:
«Վարակակիրները հիմա ինքնամեկուսացման մեջ են: Այսօրվա դրությամբ Ախալքալաքի շտապ օգնությունը չի գործում, ոչ ոք չի աշխատում, հավանաբար շտապ օգնության ծառայությունը սպասարկեն Նինոծմինդայի աշխատակիցները: Մեր Շտապ օգնության 5 բժիշկներից, 4-ը վարակակիր են։ Օրը 100 մարդու հետ շփվում են, չեմ կարող ասել ինչպես կամ ումից են վարակվել», – ասաց Երեմ Եզոյանը։
Ինչպես նշեց Երեմ Եզոյանը, նրանց մոտ կարծես սովորական գրիպային երևույթ լինի, միայն մի հոգու վիճակն է բարդ գնահատվում, ում արդեն տեղափոխում են Թբիլիսիի կենտրոնական հիվանդանոց։
«Մյուսները գտնվում են ինքնամեկուսացման մեջ, ես կոնկրետ վերահսկում եմ իրավիճակը, և ամեն երեք ժամը մեկ տեղեկացնում եմ Թբիլիսի, որ եթե Աստված չանի ինչոր բարդություն լինի, միանգամից արձագանքենք», – ասում է Ախալքալաքի շտապ օգնության տնօրեն Երեմ Էզոյանը։