Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անունից նրա մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը հայտարարություն է տարածել երեկ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ, որին մասնակցել էին ԵԽ նախագահը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հայտարարության համաձայն՝ քննարկման ընթացքում հիմնականում կենտրոնացած են եղել Հարավային Կովկասում վերջին զարգացումների և Եվրամիության ու կովկասյան երկու հանրապետությունների միջև հարաբերությունների վրա։
«Մեր փոխանակումները եղել են բաց և արդյունավետ և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու առաջնորդներին դրա համար։ Մենք դիտարկել ենք մեր օրակարգի մի շարք խնդիրներ»,- հայտարարել է Միշելը՝ նշելով, որ դրական է տեսնել, որ վերջին հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ մի շարք քայլեր են ձեռնարկվել։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին՝ Միշելը նշել է, որ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել առարկայական աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղ համաձայնագրի առաջխաղացման ուղղությամբ։ Բացի այդ, ըստ տարածված հաղորդագրության, երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում հանդիպել այդ համաձայնագրի սևագիր տարբերակի վրա աշխատելու համար։
Ինչ վերաբերում է մարդասիրական հարցերին, հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են մարդասիրական հիմնախնդիրները, ներառյալ՝ ականազերծման հարցերը, գերիների ազատ արձակումը և անհետ կորած անձանց ճակատագիրը։
«Նախագահ Միշելը կարեւորել է Ադրբեջանում պահվող հայ անձանց հետագա ազատ արձակումը»,- հստակորեն ընդգծվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, նշվում է, որ Եվրամիությունը կշարունակի ներգրավվել այս հարցերում։
Կողմերը քննարկել են նաև սահմանային հարցերը։ «Մենք դիտարկել ենք առաջընթացը բոլոր այն հարցերում, որոնք կապված են սահմանազատման հետ և թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ»,- ասված է հայտարարության մեջ։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա այս տարվա նոյեմբերին, Բրյուսելում։ Ի թիվս այլ հարցերի, երեք առաջնորդները քննարկել են նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
Հայտարարության մեջ դարձյալ խոսք կա երկու երկրների ժողովուրդներին երկարատև խաղաղության նախապատրաստելու մասին։ «Հանրային ազդակները վճռորոշ նշանակություն ունեն այս առումով։ Այնպիսի նուրբ իրավիճակում, ինչպիսին սա է, հրապարակավ արտահայտված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսում են մյուս կողմում և կշռադատում»,- ասված է հայտարարության մեջ՝ ընդգծվելով, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել իր աջակցությունը երկարատև և կայուն խաղաղության ներդրման ուղղությամբ։
Հայտարարության վերջում նշվում է, որ այս ձևաչափով երեք առաջնորդները կհանդիպեն նաև նոյեմբերի վերջին։