Հոկտեմբերի 19-ից Թբիլիսիի, Քութաիսիի, Զուգդիդիի և Փոթիի համալսարանները մասամբ կանցնեն առկա (ստացիոնար) կրթության: Լսարաններում կանցկացվեն միայն լաբորատոր և գործնական պարապմունքները, իսկ տեսական դասախոսությունները` հեռակա կարգով: Այս մասին հայտնում է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը:

Այս չորս քաղաքների համալսարանները պետք է ուսանողներին ինքնուրույն տրամադրեն ուսումնական գործընթացին վերաբերող տեղեկություններ, ներառյալ դասացուցակը:

Գորիում, Թելավիում և Ախալցիխեում համալսարանները կշարունակեն ուսումնական գործընթացը սովորականի պես: Բոլոր դասերը առկա կարգով են անցկացվելու: Աջարիայի համալսարաններում էլ հակառակը՝ ուսումն ընթանում է միայն հեռակա կարգով:

Արդեն հայտնի է, որ երկրի ամենամեծ համալսարանը՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը, ընտրել է խառը ուսուցման մոդելը: Հոկտեմբերի 19-ից միայն տեսական դասերը կանցկացվեն հեռակա կարգով, իսկ լաբորատոր և գործնական պարապմունքները կանցկացվեն լսարաններում:

Կորոնավիրուսային համավարակի ֆոնին Վրաստանի ուսումնական հաստատությունները մարտ ամսից սկսել են անցնել հեռավար մոդելի: Կառավարության որոշմամբ՝ համալսարանները հոկտեմբերի 19-ից կսկսեն վերադառնալ ուսման սովորական ռեժիմին:

Սեպտեմբերի սկզբից երկրում նկատվում է համաճարակաբանական իրավիճակի վատթարացում: Վարակվածների ամենօրյա աճը արտահայտվում է եռանիշ թվերով: Երեկ նոր դեպքերի թիվն առաջին անգամ գերազանցում էր ինը հարյուրը:

Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում երկրում արտակարգ դրություն և կարանտին հայտարարել: Կառավարությունն ասում է, որ նրանք շարունակելու են հավատարիմ մնալ «կետային սահմանափակումների» ռազմավարությանը: