Ինքնապարփակությունն ու կախվածությունը գաջեթներից, ավելի շատ աշխատանք ծնողների համար և ավելի քիչ արդյունք երեխայի նախադպրոցական կրթությունում, նորաստեղծ իրողություն մանկապարտեզի դաստիարակների համար և «լայքը», որը փոքրիկներին ավելի երջանիկ է դարձնում, քան հասակակիցների հետ խաղալը: Ինչպես է «COVID-19»- ը փոխել նախադպրոցական տարիքի երեխաների կյանքը:
Վիկտորիան 6 տարեկան է: Նա հաճախում է Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզ:
Վիկտորիան շատ է սիրում նկարել: Նա սովորում է նկարել «РыбаКит» յութուբյան ալիքում, դիտում է «Папа рисует» ծրագիրը: Հետևաբար, նա շատ ժամանակ է անցկացնում հեռախոսի դիմաց: Նրան արդեն չի բավարարում այն, որ միայն ընտանիքի անդամներն են գնահատում իր նկարները: Նրա համար կարևոր է «լայքեր» հավաքելը: Վիկտորիայի տատիկը «Instagram»-ի իր էջում վերբեռնում է նրա նկարների լուսանկարները:
Վիկտորիան կարոտում է մանկապարտեզը և իր ընկերուհիներին: Նա շատ շփվող է: Նա չի ցանկանում միայնակ խաղալ: Տատիկը հաճախ տուն է հրավիրում հարևանների երեխաներին, բարեկամներին, որպեսզի Վիկտորիան զբաղվի նրանց հետ:
Աղջիկը տատիկի և մայրիկի հետ բարեխղճորեն կատարում է մանկապարտեզի դաստիարակների բոլոր առաջադրանքները: Այնուհետև նա աշխատանքներն ուղարկում է համացանցի միջոցով և անհամբեր սպասում է արձագանքի կամ գնահատականի: Տատիկի խոսքով, սակայն, ոչ ոք չի կարող տալ այն, ինչ տալիս է մանկապարտեզը:
«Այնտեղ շփում կա, խաղալու հնարավորություն, մանկավարժների ուսուցողական մոտեցումը բոլորովին այլ է, նրանք պրոֆեսիոնալներ են: Միևնույն ժամանակ, նրանք այնտեղ կամակորություն չեն անում», – ասում է Վիկտորիայի տատը` Կարինե Քալաշյանը:
2020 թվականի մարտից բոլոր մանկապարտեզներն անցան հեռավար ուսուցման: Առցանց մանկապարտեզը բոլորի համար, այդ թվում՝ Ախալքալաքի շրջանի մանկավարժների համար, նորություն էր: Վերականգնվելով այս ցնցումից, յուրաքանչյուր դաստիարակ ինքնուրույն կազմեց երեխաների հետ շփման սեփական ծրագիրը: Նրանք ծնողների հետ խմբեր էին ստեղծել սոցիալական ցանցերում կամ մեսենջերներում ու շփվում էին երեխաների հետ: Մանկավարժները տնային առաջադրանքներ էին տալիս՝ սովորել ոտանավոր, նկարել կամ թեմայի շուրջ ինչ-որ բան ծեփակերտել: Ծնողները տեսանյութի կամ լուսանկարի տեսքով առաջադրանքներն ուղարկում էին մանկավարժին:
ՄԱԿ-ի մանկական ֆոնդի նախադպրոցական կրթության խորհրդատու Նինո Փրոիձեն ասում է, որ իրենք աջակցում են, որպեսզի մանկապարտեզները համավարակի ընթացքում երեխաների զարգացումը խթանելու նպատակով, շարունակեն առցանց ուսուցումը, բայց պիտի շատ բան հաշվի առնվի:
«Նախադպրոցական տարիքի երեխաների հեռավար ուսուցումը չի նշանակում միայն առցանց հանդիպումներ, նախադպրոցական տարիքում հեռավար ուսուցումը շատ ավելին է նշանակում: Շատ կարևոր է, որպեսզի ծնողը համագործակցի դաստիարակի հետ, ծնողների հետ ստեղծեն «աշխատանքային խմբեր», մեսենջեր-խմբեր, ինտերնետային խմբեր: Հարկավոր է հավասարակշռության բերել ծրագիրը, որպեսզի միայն մեկ օր նստեն համակարգչի մոտ: Կիրառել այլ մեթոդաբանություն », – ասում է Նինո Փրոիձեն:
Սիրուշիկ Ալևորյանը Խանդո գյուղի 5-ամյա աղջկա ծնող է, նա տնային տնտեսուհի է, սակայն կարծում է, որ որքան էլ ծնողն իր ժամանակը տրամադրի երեխայի կրթելուն, դա միևնույն է բավարար չէ:
«Մանկապարտեզում մանկավարժները զբաղվում են նրանցով, նրանք ավելի լավ գիտեն, թե ինչպես դա անել, իսկ մենք ոչ միշտ, երբ նրանք ցանկանում են, կարող ենք զբաղվել նրանցով: Տանը մնալով նրանք արդեն մոռացության են մատնել մանկապարտեզում սովորածի մեծ մասը », – ասում է երիտասարդ մայրը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման մեթոդաբան, կրթությամբ հոգեբան Զարուհի Զադոյանն ասում է, որ մանկապարտեզները ոչ միայն երեխաներին կրթում են, այլ նաև սովորեցնում են տիրապետել սոցիալական հմտություններին:
«Մանկապարտեզում երեխաները շփվում են, սովորում կառավարել իրենց հույզերը, դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակներից, դաստիարակը նրանց օգնում է դրանում, իսկ տանը դա բացակայում է», – բացատրում է Զարուհի Զադոյանը:
6-ամյա Ջեմման հաճախում է մանկապարտեզ, նրա մայրը՝ Օքսաննա Եղոյանը, Խանդո գյուղի այլընտրանքային մանկապարտեզում դաստիարակ է աշխատում: Ջեմման շատ շփվող է և անմիջապես կապ է հաստատում դիմացինի հետ, սակայն նախկինում դա այդպես չէր:
«Մանկապարտեզի դերը շատ մեծ է: Աղջիկս շատ պարփակված էր, նա ամաչում էր անծանոթների ներկայությունից, եթե տանը ինչ-որ միջոցառում էր լինում, նա տուն չէր մտնում, մինչդեռ բոլորը չէին գնում: Մանկապարտեզից հետո նա շատ է փոխվել»,- ասում է Ջեմմայի մայրը:
Որպեսզի երեխան կրկին չինքնամեկուսանա, Օքսաննա Եղոյանն անընդհատ իր տուն է հրավիրում հարևանների և բարեկամների երեխաներին, որպեսզի Ջեմման չզրկվի երեխաների հետ շփումից:
Մի կողմից ծնողները դժգոհ են այն փաստից, որ երեխաները ստիպված են մնալ տանը, մյուս կողմից էլ, մանկավարժները չեն զգում առցանց կրթության էական արդյունքը:
Ասյա Զեդգինիձեն №1 մանկապարտեզում աշխատում է որպես կրտսեր խմբի դաստիարակ: Ասյան առցանց դասեր էր վարում և գոհ էր, որ երեխաները կատարում էին բոլոր առաջադրանքները, բայց կարծում է, որ արդյունքը շատ ավելի քիչ է:
«Երեխաների հետ շփվելիս դու անմիջապես տեսնում ես, թե ինչպես են նրանք աշխատում, տեսնում ես արդյունքը, հարկ եղած դեպքում օգնում ես, իսկ տանը, տնային աշխատանքներում զգացվում է ծնողների մասնակցությունը, անմիջապես նկատվում է, որ ծնողներն ավելի շատ են աշխատել», – ասում է Ասյա Զեդգինիձեն:
Համաճարակը մանկապարտեզի դաստիարակների գործն ավելացրեց: Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորումը նոր մարտահրավերի առաջ կանգնեց: Թրեյնինգներ կամ առաջարկություններ չկային: Միավորման մեթոդիստը, մանկավարժների հետ միասին, մշակեցին երեխաների ուսուցման ճկուն ծրագիր, որպեսզի երեխաները երկար ժամանակ չանցկացնեն գաջեթների առջև: Յուրաքանչյուրը փորձում էր գտնել ստեղծված խնդրի իր լուծումը:
Մանկապարտեզի հատուկ ուսուցիչ Սեդա Մառանգոզյանն իր նախաձեռնությամբ սկսել էր երեխաների համար կրթական և զարգացնող խաղերով տեսահոլովակներ նկարահանել: Երկու-երեք րոպեանոց տեսահոլովակը նկարահանելու համար Սեդան երկու օր պատրաստվում էր:
«Անհրաժեշտ էր հիմնովի նախապատրաստվել, որպեսզի հնարավոր լիներ սեղմ և մատչելի կերպով ներկայացնել: Ես մեր մեթոդիստին առաջարկեցի խաղերով տեսանյութերը վերբեռնել, նա հավանություն տվեց այդ գաղափարաին, և մենք դա արեցինք: Հետո դա պահանջեցին այլ մանկավարժներից: Ինձ թվում էր, որ տեսանյութի միջոցով հնարավոր էր ավելի շատ արդյունք ստանալ, քան պարզապես առաջադրանքների միջոցով», – ասում է նախադպրոցական կրթության հատուկ ուսուցիչ Սեդա Մառանգոզյանը:
Նա կարծում է, որ եղել են դժվարություններ, սակայն դրանք հաջողվել է հաղթահարել, բայց միևնույն է ուսուցչի և երեխայի միջև անմիջական շփումը բացակայում էր:
«Այն, ինչը մենք կարող էինք մանկապարտեզում անմիջապես ասել երեխային, պետք է բացատրեինք առցանց: Այն, ինչ ես ուզում էի երեխաներին ներկայացնել, առաջին հերթին ընկալում էին ծնողները, այնուհետև նրանք դա փոխանցում էին երեխային»:
Երբ երեխաները հավաքվում են, նրանց հետաքրքրում են խաղալիքները:
Կրթությամբ հոգեբան, Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման մեթոդիստ Զարինե Զադոյանը կարծում է, որ երեխայի համար նախադպրոցական կրթությունը և դաստիարակությունը հիմնարար բնույթ է կրում:
«Մանակահաս տարիքում շատ կարևոր է հաղորդակցվելու հմտությունների զարգացումը: Եթե նման ուսուցումը (խմբ. Առցանց ուսուցում) երկար տևի, երեխաները կարող են պարփակվել, բայց ես կարծում եմ, որ դա երկար չի տևի», – ասում է Զարուհի Զադոյանը:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նախադպրոցական կրթության գծով խորհրդատու Նինո Փրոիձեն ասում է, որ Վրաստանում ապացուցված է, որ մանկապարտեզում նախադպրոցական կրթություն ստացած երեխաներն իրենց հնարավորություններով տարբերվում են մյուսներից:
«Վրաստանում շատ լուրջ և կարևոր ուսումնասիրություն է իրականացվել, և պարզվել է, որ եթե երեխաները հաճախում են մանկապարտեզ, հատկապես լավ մանկապարտեզ, ապա նրանք ավելի լավ են սովորում: Պետությունը շատ միջոցներ է ծախսում երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար: Գլխավորը հիշենք, որ մենք պետք է անենք այնպես, որ մեր որոշումը կամ հեռավար ուսումը շարունակելու փորձն ավելի շատ օգուտ բերի, այլ ոչ թե վնասի», – ասում է Նինո Փրոիձեն:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչ բոլոր երեխաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունեն: JNEWS– ի գնահատականներով մունիցիպալիտետում նախադպրոցական տարիքի երեխաների 50% -ից ավելին չունի այդ հնարավորությունը, քանի որ շրջանի 64 գյուղից այսօր միայն 9-ն ունեն մանկապարտեզ:
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 11 մանկապարտեզ, որից 3-ը գտնվում են քաղաքում, մնացած 9-ը՝ գյուղերում: Այս նախակրթական կենտրոններ է հաճախում ավելի քան 1100 երեխա: Մանկապարտեզներում առցանց ուսուցումն անցկացվում էր ոչ թե մեկ հարթակում, այլ տարբեր մեսենջերներով և տարբեր կերպ: Յուրաքանչյուր դաստիարակ իր առցանց ուսուցման արդյունքները ուղարկում էր Միավորման մեթոդաբանին:
Զարինե Զադոյանը կարծում է, որ լիարժեք դաստիարակության համար երեխայի մանկապարտեզ հաճախելը պարտադիր է:
«Ճիշտ է, երեխաները տանը նույնպես դաստիարակություն են ստանում, բայց մանկապարտեզները դրանք մեծ սոցիալական խմբեր են, այնտեղ գործում են բոլորովին այլ օրենքներ, կարևոր և անհրաժեշտ է, որ երեխաները վաղ տարիքից մուտք գործեն այլ սոցիալական հասարակություններ, նրանք այնտեղ ձեռք կբերեն այնպիսի հմտություններ, որոնք հետո իրենց պիտանի կլինեն »- ասում է հոգեբանը:
Սուլդայում կբացվի երկար սպասված մանկապարտեզը
Այս տարի մանկապարտեզ կբացվեն 4 գյուղում՝ Կաջո, Սուլդա, Պտենա, Խուլգումո, ևս շուրջ 200 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա: Եվս երկու գյուղերում՝ Կումուրդոյում (Գումբուրդո) և Գոգաշենում, կառուցվում են մանկապարտեզ:
Մանկապարտեզ չհաճախող նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները հույս ունեն, որ շուտով այս հնարավորությունն իրենց երեխաները ևս կունենան: Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն էլ հույս ունեն, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները կվերաբացվեն մարտի 1-ին: Մանկապարտեզների միավորումը վերաբացման հույս ունի և պատրաստվում է դրան…
Շուշան Շիրինյան