2020-ի խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ Ախալքալաքում մեկ այլ թեկնածուի առաջադրման մասին: Դավիթ Ռստակյանն առաջադրվել է Դավիթ Ճիճինաձեի «Տրիբունա» կուսակցության ընտրացուցակներով:
Դավիթ Ռստակյանը, ի թիվս այլ հայազգի թեկնածուների, այդ թվում՝ Քվեմո-Քարթլիի շրջանից, ընդգրկված է կուսակցության ցուցակի առաջին քսանյակում, նա 13-րդ համարն է:
«Այս որոշումը կայացվել էր շատ վաղուց: Դավիթ Ճիճինաձեն, որը գլխավարում է կուսակցությունը, մասնակցում է ընտրություններին Թբիլիսիի Իսանի ընտրատեղամասում: Նա գործնականում ցույց է տվել, որ հայ ժողովրդի մեծ բարեկամն է: Քանի որ նա ծնվել է Թբիլիսիում, Հավլաբարում՝ հայերի շրջանում: Ինձանից բացի ցուցակում էլի կան հայեր, 3-րդ համարը հայուհի է, 7-րդը` Գենադի Մուրադյանն է: Մեր նպատակն է հետագայում ամրապնդել հայկական լոբբին, որպեսզի կարողանանք մասնակցել օրենսդրական մակարդակում որոշումների կայացմանը: Մենք միանշանակ շանսեր ունենք և ձայներ կհավաքենք, քանի որ մեզ ճանաչում են: Մենք Ջավախքում վերջին մարդը չենք», – ասում է Դավիթ Ռստակյանը:
«Տրիբունա» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածուն ունի քաղաքական անցյալ, զբաղվել է քաղաքականությամբ տեղական մակարդակով, եղել է Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր, ինչպես նաև «Վիրք» քաղաքական կազմակերպության անդամ է եղել, որը նրանք չէին կարողացել գրանցել որպես կուսակցություն: Ըստ թեկնածուի, ինքը տիրապետում է վրացերենին, բայց ոչ կատարյալ: