Վարդիթեր Յուզբաշյանը փոքրիկ Օրջա գյուղում ամեն օր ապացուցում է, որ ավտոմեքենայի ղեկը միայն տղամարդու համար չէ: Չնայած գյուղում դեռ կան հակառակը մտածողները, սակայն ավտոյով դպրոց գնացող ուսուցչուհին արդեն ընդունված իրականություն է աշակերտների համար:
Առավոտյան արթնանալով և մի գավաթ սուրճ վայելելով, Վարդիթեր Յուզբաշյանը ուղևորվում է ավտոտնակ։ Այնտեղից հանելով իր “Suzuki” մակնիշի ավտոմեքենան ուղևորվում է դպրոց։
Արդեն մի քանի տարի է ինչ նա մեքենա է վարում և գյուղի միակ կին վարորդն է։ Վարդիթերը նշում է, որ հաղթահարել է բազում դժվարություններ։
«Ես ինձ երբեք չէի պատկերացնում ղեկին, սակայն հայրս փոխեց ամեն ինչ։ Քանի որ ծնողներս արու զավակ չունեն, հայրս շատ էր ցանկանում, որ ես մեքենա վարեի, և ես ստացա մեծ և թանկ նվեր՝ ավտոմեքենա։ Առաջին անգամ ղեկին նստելը ինձ համար շատ դժվար էր, քանի որ ես մեծ նշանակություն եմ տալիս հասարակության կարծիքին, ինչը կաշկանդում է ինձ մեքենան վարելուց»։
Հասարակության կողմից նա լսել է և՛ լավը, և՛ վատը։ Հաճախ են ասել նրան, որ մեքենան նրան շատ է սազում, հիմնականում այդ հաճելի բառերը նա լսել է կանանցից։
Գյուղի տարեց կանայք հաճույքով են խոսում Վարդիթերի մասին, և ափսոսում, որ իրենք չեն ունեցել նման հնարավորություն։
Վարդիթերի հարևանուհի Գայանե Քուրդօղլյանը նշում է․
«Բոլորն էլ պետք է մեքենա վարեն, ինչ տարբերություն տղա թե աղջիկ, այ օրինակ մեր Վարդիթերը շատ ռիսկով աղջիկ է, շատ հաճելի է նրա նման գեղեցիկ մարդուն տեսնել ղեկին։ Նա ուսուցչուհի է և նրան հարմար է մեքենայով տեղաշարժվել։ Ես ուզում եմ, որ նա օրինակ ծառայի մյուս աղջիկներին, որպեսզի նրանք էլ սկսեն սովորել մեքենա վարել և ռիսկով նստեն ղեկին»։
Իսկ գյուղի տղամարդկանց հոծ զանգվածը մտածում է, որ կինը շատ հեռու է մեքենա վարելուց, նշելով մեքենայի անսարքության խնդիրը և այլ բազում պատճառներ։
Գյուղի բնակիչներից մեկը շեշտում է՝ «Կնոջ գործն է տանը մնալը և տան գործերով զբազվելը, ինչ մեքենա, կանայք չեն կարողանում նորմալ վարել և իզուր ուրիշներին կվնասեն»։
Չնայած շրջանում արդեն կին վարորդներ կան, սակայն դեռ այդ փաստը դժվար է ընկալվում շատերի կողմից:
«Հիշում եմ մի դեպք, երբ խանութի մոտ էի կայանել մեքենան և հետևի մեքենան ուզում էր դուրս գալ կայանատեղից, մեքենայի տղամարդ վարորդը մոտեցավ ինձ և ռուսերենով խնդրեց մեքենայի դեմը ազատել։ Այնուհետև ես լսեցի, որ նա հայերեն է խոսում և այս ամենից ելնելով ես մտածում եմ, որ մեր հասարակությունում տղամարդկանց համար կամ անընդունելի, կամ անսովոր է տեսնել հայ աղջիկներին մեքենա վարելիս», – ասում է Վարդիթերը։
Այս կարծրատիպերը ո՛չ միայն մեր հասարակության, կամ Օրջա գյուղի խնդիրն է, այլ ողջ շրջանի։ Գենդերային հավասարության խնդիրը միշտ էլ եղել է մարդկության պատմության մեջ։
Հարկ է նշել, որ գենդերը՝ բնորոշում է կնոջ և տղամարդու մշակութային և սոցիալական հատկանիշները, որը ընդունելի է հասարակության համար, դա կարող է վերաբերել զգացմունքներին, վարքին, ուսումնական գործընթացին, ընկալումներին և այլ տարբեր սոցիալ-հասարակական գործընթացների։
Այսօր մեր հասարակությունում նկատելի են դրական փոփոխություններ հաստատված կարծրատիպերի հանդեպ, ինչպես նաև գենդերային հավասարության հանդեպ, և այդ փոփոխությունը հիմնականում նկատելի է երիտասարդների շրջանում։
Վարդիթերի աշակերտները հիացմունքով են խոսում իրենց սիրելի ուսուցչուհու մասին, ասելով, որ շատ գեղեցիկ է և շատ լավ է վարում։ 5-րդ դասարանի աշակերտ Անդրանիկ Մինասյանը ասում է․ «Իմ Վարդիթեր հարգելին անգամ որոշ տղաներից լավ է վարում»։ Իսկ տարիքով ավելի մեծ աշակերտները նրան օգնել և խորհուրդ են տվել, որպեսզի նա ավելի լավ վարի և չլարվի։
Վարդիթերը հիշում է․ «Երբ մեքենայով գնացի դպրոց, մեքենան կայանելուց հետո տեսա իմ աշակերտներին, ովքեր ինձ էին նայում, նրանց աչքերում տեսա և՛ զարմանք, և՛ սեր, և՛ հրճվանք և դա այնքան հաճելի էր ինձ համար, ես այնքան լավ զգացի ինձ։
Վարդիթերը դասերից հոգնած վերադառնում է տուն, այնտեղ նրան սպասում է սիրելի մայրը։ Սակայն տանը նույնպես նրան սպասվում են դժվարություններ։
Նրա համար առաջնային խնդիրը մոր առողջական վիճակն է։ Ճաշելուց և մի փոքր հանգստանալուց հետո նա ուղևորվում է դեղատուն, այնուհետև բուժկետ։
«Ամեն անգամ չեմ կարող ուրիշին դիմել ինձ օգնելու համար, մեծ նշանակություն ունի ունենալ քո սեփականը, որ կարողանաս հոգալ տան հոգսերը։ Այդ ծանր պահին, երբ մորս առողջական վիճակը սրվել էր, մեքենաս անհրաժեշտություն էր, քանի որ ոչ մեկին չդիմելով և նեղություն չպատճառելով մայրիկիս տարա հիվանդանոց։
Վարդիթերը ասում է, որ 21 –րդ դարում, պետք է գիտակցել, որ գիտելիք ունենալը և ինչ-որ բան կարողանալը դա ամոթ չէ, այլ կան պահեր, որ անգամ անհրաժեշտություն է։
Գայանե Ակոջյան