Պրոֆեսիոնալ մենամարտերում ոչ մի պարտություն, թվով 10 մենամարտ, սա արդյունք է, որին հասել է ջավախքցի Նաիր Մելիքյանը։ Հայտնի մարզիկը JNEWS-ին պատմել է իր հաղթանակների, երազանքների ու Աստծո մասին։

Փոքրուց Նաիրը կռվարար երեխա է եղել: Հայրիկի՝ Արմեն Մելիքյանի հետ սիրողական մարզումները որոշիչ են դառնում Նաիրի կյանքում: Նա բռնում է սպորտի ճանապարհն ու հաջողությունների հասնում:

«Սպորտն իմ համար կյանք է, առանց դրա ես ինձ չեմ պատկերացնում, հորդորում եմ բոլորին սպորտով զբաղվել, Աստված քեզ շնորհ է ավելացնում»:

Nair Meliqyan

14 տարեկանից Նաիրը պրոֆեսիոնալ մարզումների է հաճախում, իրեն սպորտում վստահ է զգում, նեղվում է, որ օրինակ՝ մի օր չի կարողանում մարզվել:

«Մրցակցիդ, մարդուն պետք է հարգես, Աստծո առաջ բոլորս հավասար ենք, անկախ պաշտոնից, պետք է հարգենք, որ հարգվենք: Ես իմ մրցակիցների հետ մինչև հիմա շփվում եմ, սրտանց հարգում եմ, իհարկե, կան մարզիկներ, որ իրենց գոռոզ են պահում»:

Սպորտում արգելվում է խղճալ, կար ժամանակ, որ մեր հերոսը խղճում էր մրցակցին:

«Ռինգում պետք է սառնասիրտ լինես, հակառակ դեպքում ինքը կանի քո հետ այն ինչ դու պետք է անեիր իր հետ»:

Հայտնիությունը Նաիրին չի փոխել, չնայած, աշխարհի տարբեր երկրներում հանդես եկած մարզիկն աչքի է ընկնում համեստությամբ և միայն իրեն հատուկ զսպվածությամբ:

«Ինչ էլ լինի, ես նույն Նաիրն եմ, իմ մոտ ոչ մի բան չի փոխվում»:

NairM

Նա երազում է հավատքի մեջ ավելի զորանալ: Ախալքալաքցի հայտնի մարզիկն իր մենամարտերին ներկայանում է եկեղեցական հանդերձանքով և բարձրաձայն աղոթում, որը շատերի մոտ զարմանք է առաջացնում:

«Երազանքս գիտեք որն է, հավատքս ավելի շատանա Աստծո հանդեպ և Աստված իմ երազանքները ինձ կտա: Ես ճշմարիտ միակ վայրը տեսնում եմ եկեղեցում, այնտեղ եմ հանգիստ գտնում: Փոքրուց 7 տարեկանից ծառայել եմ եկեղեցում, մարդիկ շատ են քննադատում, ինչպես կարելի է ռինգն ու եկեղեցին համատեղել, ասեմ պատասխանը, սիրելի քույրեր և եղբայրներ, Աստված շնորհ է տալիս բոլորին, ասենք ինձ էլ ես շնորհն է տվել, եթե ես չօգտագործեմ Աստված իմ ձեռից այն կվերցնի: Դրա համար եկեք, ինչ անում ենք, հանուն փառքի չանենք, այլ՝ հանուն Աստծո»:

Պրոֆեսինալ ռինգում Նաիր Մելիքյանը ոչ մի պարտություն չի կրել: Բոլոր մարտերն էլ դժվարությամբ են տրվել: Սակայն նրա համար հիշարժան է 2017 թվականին Բուլղարիայում կայացած Եվրոպայի աշխարհի առաջնությունը:

«Մենամարտից առաջ և ամբողջ ընթացքում մտածում եմ միայն հաղթանակի մասին, փառք Աստծո դեռ պարտված չկամ: Եվրոպայի աշխարհի առաջնության ժամանակ Բուլղարիայում 5 հոգու հետ պետք է մենամարտեի, հենց առաջին մարտից ոտքս կոտրեցի: Աղոթում էի, որ հանկարծ վնասվածքի պատճառով դուրս չմնամ առաջնությունից, Աստված ինձ ուժ տվեց, մեծ ճնշում էր դա, դժվար էր շատ, բայց հաղթեցի»:

Meliqyan

Նաիրը առանձնակի ոգևորությամբ է նշում, որ իրեն ուժ է տալիս դահլիճում մշտապես իրեն երկրպագող հանդիսատեսը: Նրա մենամարտերն առանձնանում են լեփ-լեցուն դահլիճներով:

«Հանդիսատեսի ներկայությունը ինձ մեծ դուխ է տալիս, մրցակիցներս անգամ զարմանում են, թե սա Վրաստանից գալիս է ու այսքան երկրպագու: Բոլորին շնորհակալություն, միշտ լեցուն է եղել դահլիճը, մենակ իմ մարտերին են այդքան շատ գալիս, նույնիսկ Հայաստանում է զարմանալի, որ մենք՝ ջավախքցիներս այսքան միասնական ենք»:

Մեր հերոսը նշում է, իրեն ոչինչ չի կարող խանգարել,որ չզբաղվի սիրած գործով: Նա անընդհատ և տքնաջան մարզվում է, որ UFC մրցումներին մասնակցի:

«Ձգտում եմ, որ UFC գնամ: Աստծո կամքով, տեսնենք տերը ոնց կամենա: Վախենում եմ միայն Աստծուց, քնելուց աղոթում եմ: Սիրում եմ ուխտագնացություն, լեռնագնացություն, ձի քշել»:

MNair

Նաիրը տարբեր երկրներում ելույթ է ունենում Վրաստանի և Հայաստանի դրոշների ներքո, բարձր է պահում այն ​​երկրի անունը, որտեղ ապրում է, եւ այն երկրի, որն իր պատմական հայրենիքն է, իր քաղաքի ու ծնողների, և այս ամենն անում է հանուն Աստծո։