Երեկ, Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի է ունեցել Կիմ Կուղոյանի գործով նախնական դատական նիստը: Մեղադրյալի փաստաբանի միջնորդությունն առ այն, որ խափանման միջոցը՝ կալանավորումը փոխվեր գրավով, չի ընդունվել:
Կիմ Կուղոյանը մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով՝ (3-րդ եւ 4-րդ մասեր) հրազենի ապօրինի ձեռքբերում եւ պահպանում: Այս հոդվածով նախատեսված է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում: Ինչպես հայտարարեցին դատավարության ժամանակ, 1992 թ. ծնված Կիմ Կուղոյանը դատված է եղել եւ հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի:
Դատը վարում էր դատավոր Անաիդա Հովհանեսյանը, մեղադրող կողմը ներկայացնում էր դատախազ Գիորգի Օրջոնիկիձեն: Կիմ Կուղոյանի շահերը դատարանում պաշտպանում էր նոր փաստաբանը՝ Իրակլի Բարձիմաձեն: Նրա խոսքով, մեղադրող կողմի բոլոր ապացույցները վիճարկելի են, զենքի վրա ընդհանրապես հետքեր չկան, այդ թվում նաև Կիմ Կուղոյանի: Փաստաբանը միջնորդություն ներկայացրեց խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինել գրավով եւ նաեւ առաջարկեց անհրաժեշտության դեպքում կիրառել լրացուցիչ սահմանափակման միջոցներ, օրինակ՝ ձեռնաշղթայի տեսքով: Դատախազը դեմ էր միջնորդությանը, դատարանը նույնպես չընդունեց միջնորդագիրը ուժի մեջ թողնելով 2019 թվականի մայիսի 27-ի որոշումը՝ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը:
Կիմ Կուղոյանի փաստաբան Իրակլի Բարձիմաձեն անհիմն է համարում խափանման միջոցը փոխելու մերժումը:
«Վրաստանի օրենսդրությունում կա նման օրենք, որ 2 ամսից հետո խափանման միջոցը վերանայվում է, քանի որ լինում են նոր հանգամանքներ: Այսօր դատարանում լսեցինք անհեթեթություն, որ նրանք չեն փոխում խափանման միջոցը, քանի որ նոր հանգամանքներ չկան: Ամենակարեւորն այն է, որ մենք գիտեինք, որ չեն փոխի Կիմ Կուղոյանի խափանման միջոցը, քանի որ ես հենց Ձեր կայքից եւ այլ թերթերից եմ տեղեկություններ վերցրել այն մասին, որ 2017 թվականից ոստիկանությունը հետապնդում է Կիմ Կուղոյանին, պահանջելով, որ նա հեռանա երկրից: Այժմ նրա վրա «սարքել» են: Այս գործը «սարքած» է: Այդ որ մի արժանապատիվ եւ նորմալ մարդը իր գրպանը կդնի «Մակարովը» ու դեռ նույնիսկ կզբոսնի այգով: Սա աբսուրդ է », – ասել է Իրակլի Բարձիմաձեն:
Նրա խոսքով, գործում բոլոր վկաները ոստիկաններ են եւ, դժվար թե նրանք փոխեն իրենց ցուցմունքները:
«Լավ կլիներ, եթե Վրաստանում բոլոր գործերը քննարկվեին ոչ թե դատավորների կողմից, այլ երդվյալ ատենակալների: Մարդուն արդարացնելու մեծ հնարավորություն կլիներ, հիմա հնարավորությունները շատ քիչ են, բայց դրանք կան », – ասում է փաստաբանը:
Կիմ Կուղոյանի հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 19-ին, ժամը 14: 00-ին:
Հիշեցնենք, որ Կիմ Կուղոյանը ձերբակալվել էր 2019 թ. մայիսի 24-ին ժամը մոտավորապես 14: 00-ին, Ախալքալաքի կենտրոնում, Խաս Բախչա այգու մոտ: Նա մեղադրվում է հրազեն ապօրինի ձեռք բերման, պահման եւ կրման մեջ:
Շուշան Շիրինյան