Չնայած այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքատվությունը բարձր էր, բայց խոնավության պատճառով կարտոֆիլը փչացած էր։ Կարտոֆիլը հոտած էր, որի պատճառը խոնավության հետևանքով առաջացած «Նեմատոդ» հիվանդությունն էր:

Եթե անցած տարի գյուղացիներին հիասթափեցրել էր «Ֆիտոֆտորիա» հիվանդությունը, ապա այս տարի «Ֆիտոֆտորիա»-ն իր տեղը զիջեց «Նեմատոդին»: Գյուղատնտես Եղիշե Աղաջանյանն ասում է՝ «Նեմատոդ» հիվանդությունը միշտ էլ եղել է մեր տարածաշրջանում, ուղղակի հիվանդության տարածման համար այս տարին բարենպաստ էր:

«Երբ մենք բերքը չկարողացանք հանել սեպտեմբերի սկզբներին, այդ ընթացքում հիվանդությունը շատ արագ տարածվեց, խոնավություն սկսվեց, կարտոֆիլը մնաց հողի մեջ: Այն կարտոֆիլը, որը պետք էր շուտ հանել հողից, մնաց հողում և սկսեց փչանալ: Կային տեսակներ, որոնք նույնպես մնացին հողում, բայց չփչացան, օրինակ՝ «Ջելլին» և «Մարֆոնան»։ Կարելի է ասել, որ մեկ տոկոս անգամ չկար հոտած կարտոֆիլ»:

Մասնագետը հավելում է, մեր շրջանում հիմա սնկային հիվանդությունները լայն տարածում են գտել՝ «Ֆիտոֆտորիան», որը շատ արագ է տարածվում, «Ռիզոկտոնիան», «Ալտերնարիան», «Նեմատոդը» և այլն:

«Մեր մոտ ընդունված չէ, որ նախօրոք այդ հիվանդությունների դեմ պայքարենք, երբ բնակիչներին բացատրում ենք, ասում՝ թե ինչպես մշակեն կարտոֆիլը, ասում են՝  «ամեն ինչ սուտ է»։ Անցած տարի, երբ «Ֆիտոֆտորիա» հիվանդությունը տարածվեց և կարտոֆիլի ցողունը չորացավ, վառվեց, այս տարի սկսեցին մտածել հիվանդության դեմ պայքարելու մասին, բայց այս տարի «Նեմատոդ» հիվանդությունն էր տարածված»,- եզրափակում է մասնագետը:

Նեմատոդների երկրորդ փուլի թրթուրները դուրս են գալիս հողում կամ բույսի հյուսվածքներում դրված ձվիկներից, և սկսում են փնտրել արմատների ծայրեր՝ դրանց մեջ թափանցելու համար։ Արմատի հյուսվածքում տեղավորվելուց հետո նեմատոդները սնվում են բույսի բջիջներից և աճում։ Ախտահարված բջիջները սկսում են կիսվել և ընդարձակվել, առաջացնելով գալեր։ Թրթուրները մաշկափոխվում են 3 անգամ։ Զարգացման վերջին փուլում էգի մարմինը գնդաձև է դառնում, իսկ արուն մնում է որդանման։ Նպաստավոր կլիմայական պայմաններում, արմատների հյուսվածքներ թափանցելուց 3–4 շաբաթ անց էգերը սկսում են ձվադրել (կարող են արտադրել մինչև 2000 ձվիկներ)։ Տաք ու խոնավ հողերում սկսում են ձվերից դուրս գալ, հակառակ դեպքում՝ ձվիկները կարող են գոյատևել առնվազն մեկ տարի։ Նեմատոդները կարող են մակաբուծել մի շարք տարբեր կրող բույսերի վրա (պոլիֆագ են)։