Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին գտնվում է Հայաստանում երկօրյա պաշտոնական այցով։ Այցի շրջանակներում նախատեսված է 2016թ. ռազմական համագործակցության ծրագիր ստորագրել։
Թինաթին Խիդաշելին Հայաստան էր ժամանել հունվարի 31-ին, սակայն պաշտոնական ծրագիրը սկսվոըմ է փետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում։ Տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի վրացական պատվիրակության և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության միջև ընդլայնված կազմով հանդիպում։
Վրացական պատվիրակությունը կվերադառնա Վրաստան փետրվարի 2-ին, ինչպես տեղեկացնում ե Վրաստանի պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, այցի ընթացքում նախատեսված են Վրաստանի պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գարեգին Երկրորդի, ՀՀ վարչապետի Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սեյրան Օհանյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նախատեսվում է նաև Թինաթին Խիդաշելիի և Սեյրան Օհանյանի համատեղ մամլո ասուլիսը: