Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և երկրի ընդդիմադիր կուսակցությունների միության ներկայացուցիչները՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների անկացման համար պայմանավորվածություն են ձեռք բերել փոփոխություն մտցնել ընտրահամակարգում:

Հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 8-ին, Վրաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Բացի Քելլի Դեգնանից, հանդիպմանը մասնակցում էին նաև մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը:

Երկու ժամ տևած բանակցություններից հետո լրատվամիջոցներին հայտնել են, որ կնքվել է հուշագիր, որը ստորագրվել է հանդիպման բոլոր մասնակիցների կողմից:

Կուսակցությունները պայմանավորվել են ընտրություններ անցկացնել համաձայն 120/30 մոդելի, այսինքն՝ 120 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով, ևս 30-ը՝ միամանդատ մեծամասնական ընտրաշրջաններում: Համաձայն գործող Սահմանադրության՝ խորհրդարանում կա 73 մեծամասնական մանդատ, այսինքն սա էական զիջում է իշխանությունների կողմից:

Նաև ընտրություններին սահմանվել է 1% անցողիկ ընտրաշեմ և 40% ընտրաշեմ` խորհրդարանական մեծամասնությունը լրացնելու համար, այսինքն` այն կուսակցությունը, որը համամասնական ընտրակարգով կստանա ձայների 40%-ից պակաս, խորհրդարանում մեծամասնություն կազմելու իրավունք չպետք է ստանա:

Իշխող կուսակցության կողմից բանակցություններին մասնակցել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Ընդդիմությունից` «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն, «Նոր Վրաստանի» ղեկավար Գիորգի Վաշաձեն, «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն, «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան, խորհրդարանի երկու նախկին խոսնակներ` Դավիթ Ուսուփաշվիլին և Նինո Բուրջանաձեն, «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Իրմա Ինաիշվիլին և այլք:

Ինչի՞ էր ձգտում ընդդիմությունը

Մարտի 9-ն ընտրական օրենսդրությունը փոփոխելու խորհրդարանական նախաձեռնության վերջնաժամկետն է՝ աշնանը ընտրությունները նոր կանոնների համաձայն անցկացնելու:

Համաձայն գործող օրենսդրության, 2020 թվականի ընտրությունները պետք է անցկացվեն հետևյալ կերպ. Վրաստանի խորհրդարանում 150 տեղերից 73-ը ստանում են միամանդատ ընտրատարածքներում ընտրությունները հաղթողները, իսկ մնացածը բաշխվում է այն կուսակցությունների միջև, որոնք հաղթահարել են 3%-ոց ընտրաշեմը: Այժմ այդ կարգը պետք է փոխվի համապատասխան ընթացակարգերից և խորհրդարանում քվեարկությունից հետո:

Ընդդիմությունը ձգտում էր նոր խորհրդարանում մեծամասնական պատգամավորների թվի առավելագույն նվազեցմանը, այսինքն՝ միամանդատ ընտրաշրջանների թվի կրճատմանը, ինչպես նաև «քաղբանտարկյալների» ազատ արձակմանը, որոնց թվում էին՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին, որը կալանավորված է 2019-ի հունիսի 20-ին խորհրդարանի առջև անկարգություններ կազմակերպելու համար, գործարար Գիորգի Ռուռուան՝ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հովանավորներից մեկը: Ըստ դիտորդների, ընդդիմության գրեթե բոլոր պահանջները կատարվել են, այս գործընթացում էական դեր են խաղացել ԱՄՆ կոնգրեսականների և սենատորների, ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորների քննադատական հայտարարությունները:

Ավելի քան 30 ընդդիմադիր կուսակցությունները միավորվեցին այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը տապալեց սահմանադրական փոփոխությունները, ըստ որի՝ 2020 թվականի աշնանը խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին ամբողջովին համամասնական ընտրակարգով: Ընդդիմության վրդովմունքը առաջացրեց այն փաստը, որ այս փոփոխությունները իշխանությունների կողմից խոստացել էին 2019-ի հունիսին, դրանց մասին հայտարարվել էր Եվրախորհրդարանում և այլ միջազգային ամբիոններից: Արդյունքում, ընդդիմությունը 2019-ի նոյեմբերին սկսեց զանգվածային բողոքի ցույցեր՝ պահանջելով ընտրությունների անցկացումն ամբողջովին համամասնական կամ որքան հնարավոր է դրա մոտ ընտրահամակարգով: Իշխող կուսակցությունը չհամաձայնեց ընդդիմության փաստարկների հետ, քանի դեռ այս գործընթացին չմիացան դիվանագիտական կորպուսը և Վրաստանի միջազգային կազմակերպություններն ու գործընկերները:

Ինչպե՞ս մեկնաբանեցին իշխանությունները

«Այսօրվա համաձայնությունն ամուր հիմք է Վրաստանում հերթական ժողովրդավարական ընտրություններն անցկացնելու համար, և Վրաստանը շարունակում է ամրապնդել իր ժողովրդավարությունը: Այս բանակցությունների հաջող ավարտից շահեց մեր երկիրը, մեր հասարակությունը և, առաջին հերթին, իշխանությունը: Մենք որոշեցինք, որ մինչև 2024 թվականը, երբ տեղի կունենան այս փոփոխությունները (Սահմանադրության համաձայն), Վրաստանը կանցնի տրամաբանական, ժողովրդավարական ուղի՝ մինչև այս փոփոխություններին: Մենք շարժվում ենք դեպի 2020-ի ընտրություններին նախապատրաստվելու նորմալ գործընթացը», – հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

Նա խոստացել է, որ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը խորհրդարանում տեղի կունենա մոտ ապագայում:

Խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել ռազմավարական գործընկերներին՝ ԱՄՆ-ին, Ամերիկյան դեսպանատանը և Ամերիկայի նոր դեսպանին, ԵՄ-ի դեսպանին, ԵԽ-ի ներկայացուցչին, Գերմանիայի դեսպանին և դիվանագիտական ողջ կորպուսին՝ բանակցություններում նրանց ցուցաբերած աջակցության համար:

Արչիլ Թալակվաձեն նաև մեկնաբանել է «քաղբանտարկյալների» հարցը, որոնց ազատ արձակումը պահանջում էր ընդդիմությունը:

«Այսօր մենք ևս մեկ անգամ պայմանավորվեցինք այն հիմնական սկզբունքի վերաբերյալ, որ արդարադատությունը չպետք է և չի կարող օգտագործվել որպես քաղաքական գործընթացների մաս, քաղաքական օրացույցը չի կարող սպասել, չի կարող օգտագործվել որևիցե կողմի՝ քաղաքական շահերի համար», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Ըստ նրա, «քաղբանտարկյալ» հասկացությունը գրառված չէ քաղաքական կուսակցությունների համաձայնության մեջ:

«Քաղբանտարկյալ. Մեր համաձայնագրում այդպիսի համաձայնեցում չկա: Գրառում կա, որ արդարադատությունը չպետք է լինի քաղաքական, չի կարող օգտագործվել որևէ մոտիվներով: Առաջին հերթին մենք կկատարենք մեր պատասխանատվությունը այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է կոնկրետ անուններին և ազգանուններին, ապա դրանք մեր համաձայնության մեջ այդ ձևով չկան», – ասել է Թալակվաձեն:

Ընդդիմության հայտարարությունները հանդիպումից առաջ

Բանակցություններից առաջ «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն ասաց, որ «Ազգային շարժման» և Ընդդիմության միության համար կարևոր են կուսակցությունների դիրքերը հետևյալ կարգով. Ազատ արձակել քաղբանտարկյալներին, ընդունել ընտրական համակարգում փոփոխությունները, որոնք հնարավորինս մոտ կլինեն համամասնական ընտրական համակարգին, հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և Սահմանադրական դատարանի հանձնարարականները, համաձայն որոնց՝ ընտրողների քանակով ընտրատարածքների սահմանները մոտավորապես հավասար կլինեն: Նա նաև ընդգծեց, որ միջազգային դաշնակիցները պետք է առավելագույնս և մշտապես կապված լինեն ընտրական համակարգում փոփոխությունների գործընթացին»:

Վաշաձեն նաև նշել է, որ կառավարությունը պետք է հնարավորինս իրականացնի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները:

«Բանակցությունների երկրորդ կամ երրորդ փուլի ընթացքում ես ասում էի, որ իշխանությունները գնում են ճիշտ ուղղությամբ, և ես հուսով եմ, որ այս շարժը կշարունակվի, մանավանդ, որ մեկնաբանությունները շատ ավելի մեղմացել են, այժմ դրանք ավելի մոտ են ողջախոհությանը», – ասել է Գրիգոլ Վաշաձեն:

Հարցին, թե ինչպիսին են ընդդիմության ակնկալիքները՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պայմանները կատարելու առնչությամբ, Վաշաձեն պատասխանել է, որ ընդդիմությունը սպասում է իր պահանջների լիովին կատարմանը:

«Մենք կհասնենք կամ ամենին, կամ՝ ոչնչի: Դիվանագիտության մի պարզ կանոն կա, եթե ինչ-որ բան համաձայնեցված չէ, ապա համաձայնեցված չէ՝ ոչինչ», – հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն:

Նյութը՝ «Новости Грузия»-ից