Transparency International և ISFED ՀԿ-ները հիշեցնում են իրավապահներին, որ ձեռքերում պաստառներ պահող անձանց կալանավորումը խոսքի ազատության իրավունքի կոպիտ խախտում է, որը հակասում է Սահմանադրությանը և միջազգայնորեն ճանաչված չափանիշներին։ Կազմակերպությունները կոչ են անում ՆԳՆ-ին անհապաղ ազատ արձակել գիշերային ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածներին։
«Խորհրդարանի հարակից տարածքում տարբեր ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվության համաձայն՝ պաստառներ ցուցադրելու համար բերման են ենթարկվել՝ փաստաբան Շոթա Թութբերիձեն, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Էդուարդ Մարիկաշվիլին, Սաբա Բրաճվելին և Նիկա Ռոմանիձեն։ Տեղեկություններ են շրջանառվում նաև այլ ձերբակալվածների մասին… Մտահոգիչ ենք համարում ՆԳՆ-ի կողմից խաղաղ ցուցարարների ապօրինի և կամայական ձերբակալությունների միտումը»,- ասվում է կազմակերպությունների տարածած հաղորդագրության մեջ։
Նախկին ՄԻՊ Նինո Լոմջարիան նույնպես հետևել է ակցիայի ընթացքում տեղի ունեցող զարգացումներին:
«Երեկ ես գրել էի, որ Ռուսաստանում մարդկանց բերման են ենթարկում դատարկ թերթիկների համար, հենց այս պատճառով։ Բազմաթիվ գնահատականներ տրվել են և կտրվեն, սակայն հիմնական եզրակացությունն այն է, որ ինչ-որ մեկը շատ, չափից շատ վախենում է քաղաքացիների զանգվածային ցույցերից»,- գրել է նա Ֆեյսբուքում։
Միևնույն ժամանակ, «Ջիուտի» շարժումը նախատեսում է հունիսի 3-ին ևս մեկ բողոքի ակցիա անցկացնել՝ «Պաշտպանե՛նք խոսքի ազատությունը» կարգախոսով:
«Մայիսի 30-ից մեզնից՝ «Ջիուտի» շարժման ակտիվիստներիցս, ամեն օր պաստառներ են խլում։ Հունիսի 2-ին բերման են ենթարկվել շարժման անդամներն ու այլ խմբերի ակտիվիստները։ Ձերբակալությունների միայն մեկ պատճառ կա՝ ոստիկանությունը դեմ է ցանկացած պաստառի՝ Ղարիբաշվիլիի ցանկացած հիշատակմամբ։ Պատրաստե՛ք ձեր պաստառը Ղարիբաշվիլիի մասին և եկեք խորհրդարան ժամը 21:00-ին»,- ակցիայի կազմակերպիչներին մեջբերում է «Formula» հեռուստաընկերության կայքը։
Աղբյուրը՝ SovaNews