Տեղական բյուջեն այս տարի քաղաքի և Բավրա գյուղի աղբահանման, ինչպես նաև քաղաքի հիմնական փողոցների մաքրման համար կրկնակի ավելացրել է այդ աշխատանքների համար նախատեսված գումարը:
Այս տարի, ինչպես միշտ, քաղաքի հիմնական փողոցների, նախկին Զինվորական քաղաքի մաքրման, ինչպես նաև քաղաքից աղբի դուրս հանման մրցույթ-տենդերը հաղթեց ՍՊԸ «Սանմաքրում»-ը:
Քաղաքապետարանը ողջ աշխատանքի համար հատկացրել է` 230 000 լարի, անցյալ տարի այդ աշխատանքների համար տրամադրվել էր 110 000 լարի:
Ըստ ՍՊԸ «Սանմաքրում»-ի տնօրեն՝ Պարգև Յորդանյանի, այս տարի հատկացվել է մեծ գումար, սակայն կրկին չի բավականացնում: Օրինակ քաղաքի փողոցների ձմեռային մաքրման համար (ձյունից) հատկացվել էր 3000 լարի, սակայն այդ գումարը արդեն վերջացել է:
«Ձմռան այս ամսին մենք շատ ինտենսիվորեն ենք աշխատել, շատ ձյուն կար և գումարը, որը հատկացված էր աղ և ավազ գնելու համար այսօր արդեն վերջացել է: Ինչ ենք անելու փետրվար ամսին չգիտեմ, 3000 լարին մեկ ամսում ծախսեցինք»,-ասում է Պարգև Յորդանյանը:
Նա ասում է, որ եթե բյուջեի կազմման ժամանակ նրա հետ խորհրդակցեին, նա կպահանջեր ավելի շատ գումար հատկացնել փողոցների ձյան մաքրման համար:
Նախկին Զինվորական քաղաքի բակերի և փողոցների մաքրման համար ամբողջ տարվա ընթացքում ՍՊԸ «Սանմաքրումը» աշխատանքի է ընդունել երեք մարդու: Նախկին Զինվորական քաղաքը այս տարի առաջին անգամ մտցվեց մաքրվող տարածքների ցուցակի մեջ:
Նախկին Զինվորական քաղաքը Ախալքալաքին կապող կամուրջը նույնպես մաքրում է ՍՊԸ «Սանմաքրումը», սակայն պետք է նշել, որ միշտ չէ, որ ժամանակին է այն մաքրվում:
Նախկին Զինվորական քաղաքում 2016 թվականի հունվարից աղբի հավաքումը այլևս չի կատարվում աղբատար մեքենաների օգնությամբ, երբ նրանք շրջելով շենքերի բակերով բոլոր բնակիչներից հավաքում էին աղբը: Աղբի հավաքման համար Զինվորական քաղաքի բնակելի տարածքներում տեղադրվել են 8 աղբամաններ, և ևս 6 արկղեր տեղադրված են նախկին զինվորական քաղաքի այլ վայրերում: Պարգև Յորդանյանի խոսքերով, նախատեսում են ևս երկու արկղ տեղադրել բնակելի հատվածում:
Քաղաքում աղբի մեքենան, ինչպես և նախկինում, փողոցներով երթևեկում է ըստ գրաֆիկի: Հավաքվում և մաքրվում են կենտրոնական փողոցները, կենտրոնական այգու` «Խաս Բախչայի» մոտակա փողոցները և այգին ինքնին: Մաքրման ցանկում ավելացվել է` Վազգեն Սարգսյան, Մկրտիչ Սարգսյան, Լոմսաձե փողոցները և մեծացվել է Միկոյան և Չարենց փողոցների մաքրվող հատվածների երկարությունը:
Մաքրելու համար այդ փողոցները ՍՊԸ «Սանմաքրումն» ամառը աշխատանքի է ընդունում 5 մարդ, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշխատում են ևս 3-ը: Պետք է նշել նաև, որ այս տարի աճել է աշխատողների աշխատավարձը և միջինը կազմում է` 300 լարի:
ՍՊԸ «Սանմաքրումը» ունի 2 մեքենա աղբամանների մաքրման համար, 2 մեքենա բնակիչներից աղբի հավաքման համար, և ևս 2 մենքենա այժմ վերանորոգման մեջ են:
Պարգև Յորդանյանի խոսքերով կազմակերպությունը տեխնիկայի կարիք ունի:
«Սակայն խոստացել են 3 մեքենա և 600 աղբարկղ գնել, յուրաքանչյուրը 1 խոր/մ տարողությամբ: Քաղաքում ավելացնելու ենք, տեղադրելու ենք դեպի Կարծախ գյուղ տանող ճանապարհին, դեպի Բարալեթ տանող ճանապարհին, որպեսզի վերևի գյուղերի բնակիչները նույնպես իրենց աղբը այդտեղ դատարկեն, աղբարկղ կունենան նաև Խոսպիո,Աբուլ գյուղերը, աղբարկղ կդրվի նաև Կարտիկամ գյուղի վերջին տան մոտ», – ասում է Պարգև Յորդանյանը:
Աղբահանման վճարը մեկ անձի համար կազմում է 40 թեթրի և 25 լարի արժի իրավաբանական անձանց համար:
Դիլիսկա, Կուլիկամ և Կարտիկամ գյուղերի լիազորված անձերը ՍՊԸ «Սանմաքրման» տնօրենի աջակցությամբ անձամբ են կազմակերպել իրենց գյուղերի աղբահանումը:
Բավրա գյուղի աղբահանումը կատարում է «Սանմաքրումը», իսկ մյուս գյուղերում դեռևս որտեղ պատահում է այդտեղ էլ նետում են աղբը և կեղտոտում բնությունը:
Իսկ «Սանմաքրում» կազմակերպությունը դեռ ոչ մի լծակ չունի մարդկանց վրա ճնշում գործադրելու համար, նրանք իրավունք չունեն տուգանելու և պատժելու խախտողներին:
Շուշան Շիրինյան