Ախալքալաքի մունիցիպալիտետը 11 000 լարի է հատկացրել Կարծախ, Սուլդա, Վարեւան գյուղերում տոներ անցկացնելու համար։ Արդեն հայտարարվել է հյուրասիրությունների ապահովման արագացված տենդեր։
• Կարծախ գյուղում աշուղ Ջիվանու օրը՝ «Ջիվանոբա»-ն կնշվի հուլիսի 21-ին, 22-ին կամ 23-ին՝ կախված եղանակային պայմաններից։ Այս տոնի համար հատկացվել է 10 հազար լարի։
• Սուլդա գյուղում օգոստոսի վերջի կիրակի օրը նշվելու է Աշուղ Թիֆիլի օրը։ Այս տոնի համար հատկացվել է 500 լարի։
• Վարևան գյուղը հուլիսի առաջին կիրակի օրը նշում է Հիշատակի օրը ։ Այս միջոցառման համար նույնպես հատկացվել է 500 լարի։
Մունիցիպալիտետը Կարծախ գյուղում մեծ շուքով է նշում «Ջիվանոբա» տոնը։ Հիմնականում հյուրերը ժամանում են Երևանից, Թբիլիսիից, ինչպես նաև շրջանի այլ գյուղերից և Ախալքալաքից։ Ելույթ են ունենում պարային համույթներ և անհատ կատարողներ՝ ինչպես տեղացի, այնպես էլ Հայաստանից ժամանած։ Միջոցառման համար հատկացված գումարը հիմնականում ծախսվում է հյուրասիրությունների վրա, որոնք կազմակերպում են պաշտոնական մասից հետո։
«Մենք հայտարարում ենք տոնի մասին, և ցանկացողները գալիս են, ոչ մեկին չենք հրավիրում։ Երեւանից ամեն տարի հյուրեր են գալիս, օրինակ՝ «Սայաթ Նովա» անսամբլը, գալիս են նաեւ Թբիլիսիից։ Գումարը ծախսելու ենք հյուրերին և բոլոր ներկաներին հյուրասիրելու համար։ Սուլդա և Վարևան գյուղերում տոնը նշում են համեստ, այլ տեղերից հյուրեր չեն լինում»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը։
Սուլդայի լիազոր Զարզանդ Կուջոյանի խոսքով, իրենք երեք տոն նշում են նույն օրը:
«Երեք տարի անընդմեջ միասին ենք նշում գյուղի օրը, Աշուղ Թիֆիլի տոնը և եկեղեցու տոնը։ Ելույթ է ունենում տեղի երգի-պարի համույթը, իսկ հետո հավաքվում ենք հյուրասիրության։ Տոնը համեստ ենք նշում, հյուրեր չենք հրավիրում, նշում ենք ամբողջ գյուղով ։ Աշուղի մասին մենք քիչ տեղեկություններ ունենք, գիտենք, որ Ջիվանու աշակերտն է եղել»,- ասում է Զարզանդ Կուջոյանը։
Վարեւան գյուղում հիշատակի օրն արդեն 30 տարի է նշվում է։
«Հուլիսի առաջին կիրակի օրն ենք նշում, Պետրոս Աբաջյանի հիշատակի օրը։ Գյուղի համույթը պարում է, երգում, հետո հյուրասիրություն է կազմակերպվում»,- ասում է Վարեւան գյուղի լիազոր Միշա Ստեփանյանը։
Հունիսի 17-ին մունիցիպալիտետը հայտարարել է Կարծախ գյուղում սննդամթերքի, մատուցողի, խոհարարի, սպասք մաքրելու և լվանալու ծառայությունների, իսկ Վարևանում և Սուլդայում սննդի ձեռքբերման արագացված տենդեր։ Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 27-ը։