Ախալքալաքի Շրջանային ժողովի «Ազգային շարժում» խմբակցության նախկին անդամները կուսակցության նախագահ Լեւան Խաբեիշվիլիին կոչ են անում հրաժարական տալ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նոր ղեկավարության և անձամբ Խաբեիշվիլիի սխալ մոտեցումները հանգեցրել են կուսակցության աննախադեպ թուլացմանն ու հավատարիմ համակիրներին շարժումից դուրս մղելուն։
«Մենք՝ «Միացյալ ազգային շարժման» ցուցակում հայտնված Ախալքալաքի սակրեբուլոյի անդամներս և կազմակերպության ներկայացուցիչներս, կուսակցության նոր ղեկավարության հետ բախվեցինք անհաղթահարելի խնդիրների, որոնք կապված են քաղխորհուրդը ցրելու ապօրինի որոշման եւ շրջանային կազմակերպություններում ֆիկտիվ ընտրությունների անցկացման հետ։
Նոր ղեկավարության և անձամբ Խաբեիշվիլիի սխալ մոտեցումները հանգեցրին կուսակցության աննախադեպ թուլացմանը և մեր շարժումից հավատարիմ համակիրների դուրս մղմանը։
Թվարկված պատճառներով պահանջում ենք կուսակցության նախագահի հրաժարականը, որպեսզի հնարավոր դառնա միասնականության և կուսակցության պայքարող անդամների վերաինտեգրման մասին քննարկումը»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են «Միացյալ ազգային շարժման» ութ անդամներ՝ Շիրվան Շիրինյանը, Արմեն Հունանյանը, Մելիք Ռաիսյանը, Անդրանիկ Մամուլյանը, Վարդան Չոկանդարյանը, Արթուր Մկոյանը, Արմեն Հակոբյանը, Միշա Հակոբյանը։
Հարկ է նշել, որ դեռ մայիս ամսից Շիրվան Շիրինյանը և Արմեն Հունանյանը հայտարերել էին կուսակցությունից դուրս գալու և անկախ պատգամավոր մնալու մասին:
Այդ մասին կարող եք կարդալ՝
ՄԱՇ-ի Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորները լքել են կուսակցությունը