Ախալքալաքում ճանապարհների փոսային նորոգման աշխատանքների տենդերը շահած «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը խոստանում է հաջորդ շաբաթ ասֆալտապատել կտրտված հատվածները:
«ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, որը պատասխանատու է Ախալքալաք քաղաքի ճանապարհների վերանորոգման աշխատանքների համար, 15 օր առաջ կտրել է նորոգման ենթակա հատվածները: Այս հատվածներն ավելի են բարդացնում քաղաքում մեքենաների առանց այդ էլ խնդրահարույց տեղաշարժը և առաջացնում է վարորդների դժգոհությունը:
Jnews- ը անընդհատ նամակներ ու մեկնաբանություններ է ստանում Ախալքալաքի վարորդներից, որոնք իրենց զայրույթ են արտահայտում պատասխանատուների նկատմամբ:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը հունիսի 17-ին Jnews- ին տված հարցազրույցում ասել էր, որ աշխատանքները կվերսկսվեն հունիսի 18-ին, սակայն հունիսի 19-ի դրությամբ աշխատանքները դեռ չեն սկսվել:
Ճանապարհաշինարարական ընկերությունից պնդում են, որ վերանորոգման հետաձգման պատճառ են հանդիսացել տեղումները, և որ անձրևների ժամանակ նրանց արգելել են աշխատանքներ իրականացնել:
«Մենք ունենք նաև այլ աշխատանքներ, կային պատճառներ, ուստի մենք աշխատանքները չենք իրականացրել, դրանք կավարտենք հաջորդ շաբաթվա ընթացքում», – ասացին «ՋավախԱվտոԳզա» ընկերությունից:
Այս տարի Ախալքալաքի ներքաղաքային ճանապարհների փոսային նորոգման համար Ախալքալաքի բյուջեից հատկացվել է 230 000 լարի: