Ախալքալաքի փողոցների ասֆալտապատման ընթացքում ակտուալ դարձան որոշ հիմնախնդիրներ՝ հին ջրմուղ-կոյուղու համակարգ, ասֆալտի տակ մնացած կոյուղու դիտահորեր(լյուկեր) ու ասֆալտապատմանը երկար սպասած բնակիչների դժգոհությունը:
Ախալքալաքցիները, որոնք հոգնել էին քաղաքի ցեխոտ և անանցանելի փողոցներով երկար տարիներ քայլելուց, վաղուց երազում էին իրենց փողոցները տեսնել ասֆալտապատված, չնայած սպասումներից հոգնած արդեն հույսերը կտրել էին: Եվ երբ մի քանի տարի առաջ շրջանի ղեկավարությունը սկսեց քաղաքի փողոցների ասֆալտապատումը, բնակիչները ուրախությունից աչքերը փակեցին շինարարների կատարած աշխատանքների անորակության վրա:
Շինարարները անորակ վերանորոգեցին և ասֆալտապատեցին քաղաքի փողոցները, չտեղավորվելով ժամկետների մեջ: Հաճախ աշխատանքները կատարվում էին ձյան տակ, ասֆալտապատվում նույնիսկ ջրմուղկոյուղու դիտահորերը:
Շինարարական աշխատանքների նախագծերում բոլոր դիտահորերը նշված են, ուստի շինարարական ընկերությունները պարտավոր են դրանք վերանորոգել, բարձրացնել ասֆալտի մակարդակին, և, որ ամենակարևորն է, դրանք ասֆալտով չծածկել:
Երկու տարի առաջ, երբ ասֆալտապատվում էր Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի բակը, շինարարները չէին ուզում բակի դիտահորը բարձրացնել ասֆալտի մակարդակին, քանի որ դրա համար անհրաժեշտ էր հիմքը ցեմենտով ամրացնել: Շինարարները իրենց հրաժարումը բացատրում էին նրանով, որ իբր դրա համար իրենց փող չի հատկացված, սակայն բնակիչների բողոքից հետո նրանք բարձրացրին այն:
Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնում չեն ժխտում շինարարական ընկերությունների կողմից կենտրոնական գծի վրա գտնվող ջրմուղ-կոյուղու դիտահորերի ասֆալտապատելու փաստը:
«Այդպես եղել է, շատ չէ, բայց եղել է: Երբ վթար է լինում, կոյուղին խցանվում է, որպեսզի դիտահորի տեղը գտնենք մենք Ախալցիխեից կամ Թբիլիսիից մարդ ենք կանչում, նրանք գալիս են իրենց սարքավորումներով և տեղը գտնում են: Ջրմուղկոյուղու դիտահորերը մեր ընկերությանն են պատկանում, սակայն շինարարների աշխատանքը պետք է Վարչությունը հսկի: Մենք իրենց տալիս ենք նախագծերը, որտեղ նշված են բոլոր կենտրոնական ցծի վրա գտնվող ջրմուղ-կոյուղու դիտահորերը»,- ասում է սպասարկման կենտրոնի մենեջեր՝ Վարդ Մոսոյանը:
Ըստ Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի, իրենց մոտ գրանցված է 420 ջրմուղ-կույուղու դիտահոր ու ամեն տարի ևս 30-33 դիտահոր գրանցում են, որոնք հայտնաբերվում են փողոցների վերանորոգման աշխատանքների ժամանակ:
Սպասարկման կենտրոնը գրանցում և սպասարկում է միայն այն դիտահորերը, որոնք գտնվում են կենտրոնական ջրմուղ-կոյուղու գծի վրա, իսկ բնակիչների դիտահորերը պետք է վերանորոգեն և փակեն իրենք՝ բնակիչները:
Ախալքալաքի սպասարկման կենտրոնը դժգոհ է նաև շինարարների կատարած աշխատանքից: Ըստ կենտրոնի մենեջերի, շինարարները շատ անփույթ են աշխատում, վերանորոգման ժամանակ խցանում են ջրմուղ-կոյուղու դիտահորերը և խողովակները, լցնելով ասֆալտ և այլ շինարարական աղբ:
Այն փաստը, որ շինարարները ջրմուղ-կոյուղու դիտահորերը ասֆալտապատում են, չի ժխտում նաև Ախալքալաքի վարչության ճանապարհների և ենթակառույցների հարցերով մասնագետ Ռազմիկ Նահատակյանը, չնայած նա հարցազրույցի սկզբում ասում էր, որ այդպիսի բան հնարավոր չէ:
«Մենք անցյալ տարի ձմռանը 50 դիտահոր ստիպեցինք բացել, որոնք նրանք թողել էին ասֆալտի տակ: Երբեմն այդպես լինում է, բայց մենք բացել ենք տալիս: Մենք հսկում ենք, որ շինարարները ճիշտ աշխատեն: Այդպիսի բան չկա, որ դիտահորերը փակ լինեն», – ասում է Ռազմիկ Նահատակյանը:
Սակայն.
Ըստ Ռազմիկ Նահատակյանի, նրանք համագործակցում են Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի հետ և նրանց միշտ տեղեկացնում են, թե որ փողոցներում են անցկացնելու շինարարական աշխատանքներ, որպեսզի սպասարկման կենտրոնը անհրաժեշտության դեպքում փոխի ջրմուղ-կոյուղու խողովակները:
Հարկ է նշել, որ Ախալքալաքի ընդհանուր ջրմուղ-կոյուղու համակարգը արդեն 40 տարի է չի վերանորոգվել: Չնայած Ախալքալաքի սպասարկման կենտրոնում մեզ ասեցին, որ եթե որևէ փողոցում կատարվելու են ասֆալտապատման աշխատանքներ, ապա մինչ այդ նրանք ամպայման փոխում են այդ փողոցների ջրմուղ-կույուղու համակարգը, եթե դրա անհրաժեշտությունը կա:
Կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանը, Ախալքալաքի ընդհանուր ջրմուղ-կոյուղու համակարգի վիճակը գնահատում է լավ,
սակայն բնակիչները դրա հետ համաձայն չեն:
Կարինե Թադևոսյանը ապրում է Երևանյան փողոցում, որը այժմ վերանորոգվում է: Նա արդեն 29 տարի է ապրում է այդ փողոցում և նրա խոսքերով, ստորգետնյա ջրմուղ-կոյուղու կենտրոնական գիծը այդ երեք տասնամյակների ընթացքում ոչ մի անգամ չի վերանորոգվել:
«Մենք ինքներս ենք կենտրոնական գծից մինջև մեր տները խողովակները փոխել: Մեր փողոցի բոլոր բնակիչներն էլ խողովակները փոխեցին, սակայն կենտրոնական գիծը չի փոխվել: Մենք պետք է նաև այնպես անենք, որ շինարարները դիտահորերը չասֆալտապատեն, քանի որ փողոցներով քայլելիս տեսնում ենք, որ բոլոր փողոցներում դիտահորերը ասֆալտապատված են»,- ասում է Կարինե Թադևոսյանը:
Երևանյան փողոցի բնակիչները մտահոգված են ևս մեկ խնդրով, որը կարող է առաջանալ ասֆալտապատումից հետո: Դրա մասին jnews.ge -ին գրել էր որոշ ժամանակ առաջ:
«Մենք բողոքեցինք շինարարներին, որ նրանք մի քիչ ավելի շատ հող հանեն փողոցից, որպեսզի խճապատումից ու ասֆալտապատումից հետո մեր տները փողոցի մակարդակից ցածր չլինեն: Մենք շատ էինք սպասում ասֆալտապատմանը, բայց հիմա մեր տները ավելի ցածր կլինեն, քան փողոցը և ջրերը կլցվեն մեր տները»:
Ախալքալաքի Երևանյան փողոցը և ևս 11 այլ փողոցների հատվածներ այս տարի ասֆալտապատելու է «Արալի» ընկերությունը: Այս ընկերությունը Ախալքալաքի շինարարական շուկայում նորեկ է:
Այն հարցերին, թե բարձրացնելու են արդյոք կենտրոնական գծի վրա գտնվող ջրմուղ-կոյուղու դիտահորերը և Երևանյանի բնակիչների բողոքը փողոցի բարձրության մասին հաշվի առնելու են, ընկերության աշխատակից՝ Էմզարի Մղեբրիշվիլին պատասխանեց:
«Մենք իհարկե դիտահորերը կբարձրացնենք ասֆալտի մակարդակին և ոչ մի դեպքում դրանք չենք փակի ասֆալտով: Ընդհանուրը, բոլոր փողոցները միասին վերցրած (այն հատվածները, որոնք վերանորոգելու է տվյալ ընկերությունը) նախագծով կա 115 դիտահոր: Որոշ տեղերում հողի շերտի դուրս բերման ժամանակ հայտնաբերվել են նոր դիտահորեր, բայց մենք դրանք էլ կբարձրացնենք: Իսկ ինչ վերաբերում է Երևանյան փողոցին, ապա մենք հողը հանել ենք, բայց ևս 20 սմ նորից պիտի հանենք», – ասում է Էմզարի Մղեբրիշվիլին:
Շուշան Շիրինյան