Չորրորդ ամենամեծ գումարը Ախալքալաքի շրջանի բյուջեից հատկացված է Շրջանային վարչության առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությանը, թե ինչպես են բաշխվում այդ գումարները և ովքեր են օգտվում սոցիալական օգնությունից:
Ախալքալաքի շրջանային բյուջեի ամենախոշոր գումարները բաժանվում են չորս ուղղությամբ: Առաջին ամենամեծ գումարը` 2,091 միլիոն լարի հատկացվել է Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների ծառայությանը: Ոչ պակաս գումար է ծախսվում հենց Ախալքալաքի Շրջանային վարչության աշխատանքի համար` 1.843.000 լարի: Շրջանային ժողովի ծախսերը կազմում են` 717 600 լարի: Ախալքալաքի Շրջանային վարչության Առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայության ծախսերը կազմում են` 689 000 լարի:
Եթե ենթակառուցվածքային ծառայության բաժնի կատարած և չկատարած աշխատանքների մասին կարելի է կարծիք կազմել, նայելով ճանապարհների ասֆալտապատման որակին, ջրով ապահոված գյուղերի, փողոցների աղբի քանակին, քաղաքի «բարելավմանը» և լուսավորմանը, ապա սոցիալական ծառայության աշխատանքը անտեսանելի է:
Ըստ տվյալ ծառայության ղեկավար Ռաֆայել Թոքմաջյանի` հատկացված 689 000 լարին Սամցխե-Ջավախքում ամենափոքր գումարն է:
Սոցիալական օգնություն կարող են ստանալ` քրոնիկական հիվանդությամբ տառապող մարդիկ, փախստականներրը, վետերանները, անապահովները …
100 000 լարի` 689 000- ից սահմանված է անհապաղ կատարվելիք վիրահատություններին և դեղամիջոցների ծախսերին, որոնք կարող են ստանալ ծանր հիվանդ կամ անապահով բնակիչները, ովքեր բժշկական օգնության կարիք ունեն:
«Առաջին հերթին պետք է ունենալ սոցիալական անապահովության միավորներ, բացառություն են համարվում մարդիկ, ովքեր ունեն կարիք հեմոդիալիզի, տառապում են ուռուցքային հիվանդությամբ և լեյկոզով: Մնացածները հիվանդանոցից սոցիալական անապահովության վարկանիշային միավորից բացի, պետք է ներկայացնեն նաև նախահաշիվը և ծախսերի ձևը, ծախսերի կտրոնները: Անցյալ տարի այդպիսի օգնություն են ստացել 88 մարդ: Անցյալ տարի հատկացված գումարը չէր բավարարել, մենք ընդունեցինք փաստաթղթերը նոյեմբերին և դեկտեմբերին, սակայն այդ գումարները կվճարվեն այս տարի: Որպես օգնություն հատկացվող գումարը կախված է ներկայացված նախահաշվից և հիվանդի սոցիալական իրավիճակից», – ասում է առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայության պետ Ռաֆայել Թոքմաջյանը:
Մայիսի 9-ի տոնակատարության անցկացման համար հատկացվել է 2000 լարի: Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամների համար հատկացվել է 7000 լարի օգնություն: Վետերանների թիվը ամեն տարի նվազում է:
«Պատերազմի հաշմանդամները անցյալ տարի 23 -ն էին այս տարի` 19-ը , մենք հատկացրել էինք 200 լարի մեկ տարվա ընթացքում, թեև պետք է տայինք տարին երկու անգամ` 100 լարի, բայց քանի որ նրանք 90 տարեկանից մեծ էին, մենք 200 լարին տվել ենք միանգամից, քանի որ նրանք կարող է չապրեին մինչև երկրորդ վճարումը», – ասում է Թոքմաջյանը:
Բյուջեում առանձին հաշվառված է նաև ֆինանսական օգնություն Հայրենական Մեծ պատերազմի վետերանների թաղման համար: Հատկացված գումարը կազմում է 8000 լարի: Յուրաքանչյուր վետերանի թաղման արարողության համար բյուջեում նախատեսված է 300 լարի:
Ֆինանսներ է հատկացվել Հայրենական պատերազմի մասնակից զոհվածների ընտանիքներին՝ 1000 լարի գումարի տեսքով: Օգնություն են ստանում 6 ընտանիքներ` 150 լարի գումարի տեսքով, որը ընդհանուր կազմում է 900 լարի:
«Դա նրանք են, ում ամուսինները զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այս օգնությունը մենք տալիս ենք արդեն 10 տարի: Նախկինում քառասունից ավելի էին, հիմա մնացել են` յոթը»:
Նորածինների միանգամյա օգնության ընդհանուր գումարը կազմում է` 170,000 լարի, պետք է նշել, որ յուրաքանչյուր երեխա, ով ծնվել է Ախալքալաքի շրջանում ստանում է 250 լարի, գումարը ավելացվել է անցյալ տարի Շրջանային ժողովի պատգամավորների ուղղումներից հետո:
«509 նորածիններ անցյալ տարի 2015 թվականին ստացել են միանվագ օգնություն: Դրանցից 114 նորածիններ ծնվել են 2014 թվականին: Այս տարի արդեն դիմել են օգնության 100 նորածինների համար», – ասում է ծառայության ղեկավարը:
Միանգամյա աջակցություն ցուցաբերելու համար սոցիալապես անապահով ընտանիքների համար բյուջեից հատկացվել է` 200 000 լարի:
«Մենք նայում ենք վարկանիշային միավորին և, եթե նրանք հաշմանդամ են ի ծնե, շատ անապահով են և սարսափելի բնակարանային պայմաններում են ապրում, ստեղծում ենք հանձնաժողով, հաշվի է առնվում արձանագրությունը, և 100 լարիի փոխարեն տալիս ենք օրինակ 200, կամ 300 լարի, առավելագույնը այդ գումարը կարող է լինել մինչև 1000 լարի, բայց այդ գումարը մենք վճարել ենք միայն մեկ անգամ: Նրա անունն Սարգիս էր, նա ապրում էր Ջավախեթիի փողոցում: Մենք հատկացրինք նրա թաղման արարողության համար 1000 լարի: Երբ նա մահացավ, գնեցինք տնակ-վագոն, որպեսզի տեղադրեն մարմինը այնտեղ, քանի որ տեղ չկար: Բացի այդ, պարզապես տվել ենք 1000 լարի նրա մորը: Օգնություն ստանալը կախված է սոցիալական գործակալությունից: Օրինակ, եթե նրանք ունեն 50000 միավոր, և հանկարծ նրանք բարձրացել են 70 000-ի, այդ դեպքում այդ մարդը մեխանիկորեն ընկնում է մեզ մոտ», – բացատրեց Ախալքալաք Շրջանային վարչության Առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի ղեկավարը:
Անապահով ընտանիքների երեխաների կրթության համար բյուջեից հատկացվել է 1000 լարի: Հաշվի առնելով, որ միջնակարգ կրթությունը Վրաստանում անվճար է, մենք բացատրություն խնդրեցինք բյուջեի տվյալ կետի.
«Մենք ունենք 4 աշակերտ, ովքեր անապահով ընտանիքներից են և ընդունվել են երաժշտական դպրոց, երաժշտական դպրոցի ուսման վարձը վճարում ենք մենք: Վճարում էինք նաև մանկապարտեզների համար, բայց հիմա այն անվճար է: Ես կարծում էի 4 աշակերտ են, բայց հիմա ներկայացվել է 5 հայտ», – ասում է Թոքմաջյանը:
Առանձին կետով 50 000 լարի հատկացված է դեղորայքի ձեռքբերման համար:
Քրիստինե Մարաբյան