Հունվարի 10-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, Արցախյան երկրորդ պատերազմի սկզբից առ այսօր գործող «Ջավախք» հիմնադրամը ներկայացրել է, թե ուր են ուղղվել և ուղղվելու Ջավախքի բնակիչների և ջավախքյան սփյուռքի կողմից հիմնադրամին փոխանցված ֆինանսները:

Սուրբ Խաչ եկեղեցու բակում հավաքվել էին փոքր թվով բնակիչներ, ներկա էին Ախալքալաքի տարբեր գյուղերի ներկայացուցիչներ, ովքեր մասնակցել են Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ տուժած բնակիչների համար գումարի հավաքագրման գործին:

Հիմնադրամի ներկայացուցիչները պատմեցին, թե ուր են ուղղվել այդ գումարները, և բոլորին առաջարկեցին ծանոթանալ փաստաթղթերին, որոնք հաստատում են, թե ուր են ուղղորդվել հավաքագրված դրամական միջոցները: Հիմնադրամը գումարի մեծ մասը փոխանցվել է Համահայկական հիմնադրամին, իսկ մնացած մասով որոշվել էր ուղիղ օգնություն տրամադրել Արցախյան պատերազմից տուժած բնակիչներին և վիրավոր զինվորներին:

«Հավաքվել էր բավականին մեծ գումար: Մոտավորապես 140 000 ԱՄՆ դոլար: Սկզբում մենք գումար էինք ուղարկում 4000-ականով, այս գումարով մենք գնել ենք սնունդ և բաժանել կարիքավորներին: Ցուցակներում ունենք մոտ 8-9 հազար մարդ: Սրանք այն մարդիկ են, ովքեր պատերազմի ընթացքում կորցրել են ամեն ինչ: Հիմնականում Հադրութից են: Դրանից հետո որոշում կայացվեց օգնել զոհված զինվորների ընտանիքներին, որոնք ծնունդով Ջավախքից էին: Սկզբում 35 ընտանիք էր, այժմ՝ արդեն 60: Մենք օգնություն ենք ցուցաբերել 35 ընտանիքի, մնացել է 25 ընտանիք, և հետզհետե նման ընտանիքների թիվն ավելի է շատանում, քանի որ կան նաև անհետ կորածները: Այս ընթացքում Սանկտ Պետերբուրգից եկած մեր ընկերները էլի են գումար հավաքել և ցանկանում էին այն նույնպես բաժանել զոհվածների ընտանիքներին, բայց մենք որոշեցինք այդ գումարը փոխանցել վիրավոր զինվորներին՝ յուրաքանչյուրին 40 000 ռուբլի, և մենք շարունակում ենք դա անել: Արդեն փոխանցել ենք 7 վիրավոր զինվորի, բայց արդեն 10 հոգու համար գումար է հավաքվել: Մեզ վստահում են, և գումար են ուղարկում տարբեր երկրներից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, և տեղացիները նույնպես շարունակում են հանգանակություն կատարել», – ասում է« Ջավախք» հիմնադրամի հիմնադիրներից Կարեն Պապիկյանը:

Karen Javaxq

Պատերազմի ընթացքում շատ զինվորներ կորցրել են ձեռքերը, ոտքերը, ստացել տարբեր աստիճանների այրվածքներ… Հիմնադրամը գտել է նաև նրանց օգնելու միջոց:

«Պրոթեզները կլինեն ժամանակակից: Մենք որոշակի գումար կներդնենք այս ծրագրում: Այս նախագծում ներգրավված է Սերժ Թանկյանը, ամենայն հավանականությամբ կմասնակցի նաեւ Քիմ Քարդաշյանը: Մենք կրկին կֆինանսավորենք պրոթեզավորման հարցում ջավախքցիներին: Մենք արդեն ունենք նման 3 զինվոր: Մենք ինքներս ենք նրանց գտնում, Ֆիդանյան Սարգիսը Սաթխա գյուղից է, նա ոտք ու ձեռք չունի, մենք ինքներս ենք ընդգրկել նրան այս նախագծում, որպեսզի մեր գումարով այս տղայի համար պրոթեզներ պատվիրենք: Հեշտիա գյուղից ևս մի տղա կա, որը կորցրել է ձեռքը, նրան էլ ենք ընդգրկել: Մոտ օրերս ես պատրաստվում եմ մեկնել Հայաստան, այնտեղ պետք է այցելեմ մի տղայի, որը կորցրել է երկու ոտքը, չեմ հիշում, թե որտեղից է: Պաշտպանության նախարարությունից ճշտել ենք տեղեկությունը մեր ուղիղ միացումների միջոցով, այդ միացումներից հետո մեզ հետ կապ են հաստատում: Մենք օգնում ենք ոչ միայն ջավախցիներին: Կան տղաներ, որոնք ստացել են ֆոսֆորային այրվածքներ, նրանց մեջ նույնպես կան ջավախցիներ, մենք չէինք կարող նրանց չօգնել: Առաջին հերթին խիղճն է տանջում», – ասում է Կարեն Պապիկյանը:

Հանդիպման ընթացքում որոշում կայացվեց, որ Ջավախքի բնակիչների կողմից հավաքած մնացած սնունդը, որն այլևս հնարավոր չէ տեղափոխել Հայաստան, պետք է բաժանվի Ջավախքի անապահով ընտանիքներին՝ անկախ ազգությունից: Առաջարկ հնչեց նաև Ջավախքում գրանցել հիմնադրամի մասնաճյուղը, որպեսզի հետագայում դրա միջոցով օգնության կարիք ունեցող ջավախքցիներին աջակցեն, ինչպես դա արվում է այժմ Հայաստանի և Արցախի համար: