Ախալքալաքում ուրախությամբ ընդունեցին այն լուրը, որ կառավարությունը որոշել է ծածկել մինչև 200 խորանարդ մետր բնական գազ և մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա սպառած բաժանորդների կոմունալ վճարումները, բայց մարդիկ հաշվարկեցին իրենց ծախսերը և վշտացան, որ չեն ընդգրկվում արտոնությունների կարգում: Ախալքալաքի մունիցիպալիտետում դեռ ջեռուցման սեզոն է:
Ախալքալաքի, ինչպես ամբողջ Վրաստանի բնակչությունը բախվում է մի շարք խնդիրների, որոնք առաջացել են կորոնավիրուսի ի հայտ գալուց ու տարածումից, և դրան հաջորդած կարանտինից: Եթե Ախալքալաքի բնակչության աշխատանք ունեցող հատվածը` քաղծառայողները, ուսուցիչները, ոչ կառավարական ոլորտը և բոլոր նրանք, որոնք կարող են տանը հեռակա կարգով աշխատել, ինչպես դա պահանջում է կառավարությունը, ապա մյուս հատվածը՝ մարդիկ, ովքեր արտերկրում են գումար վաստակում, ինչպես նաև նրանք, ովքեր գումար են վաստակում առևտրով և տարբեր ծառայություններ տրամադրելով, կանգնել են բազմաթիվ խնդիրների առջև:
«Այս պահին Ախալքալաքում ձմեռ է, ենթադրում եմ, որ Ջավախքի բնակչությունը չի օգտվի այդ արտոնություններից», – իր էջում գրառում է կատարել ֆեյսբուքի օգտատերերից մեկը:
Եթե բնակչության մի մասն, այնուամենայնիվ, օգտվի էլեկտրաէներգիայի արտոնություններից, ապա բնական գազի հետ կապված բոլորովին այլ իրավիճակ է:
«Մենք հաստատ չենք ընկնի արտոնությունների տակ, ոչ գազի, ոչ էլ հոսանքի: Կարծում եմ՝ Ախալքալաքում, եթե կան ընտանիքներ, որոնք էլեկտրաէներգիայի արտոնությունից կօգտվեն, ապա նրանք, ովքեր 200 խ\մ-ից պակաս գազ են ծախսում, քչերն են, մեզ մոտ դեռ ջեռուցման սեզոնն է: Օրինակ՝ մենք մոտ 3 անգամ ավելի շատ ենք սպառում՝ թե գազը, և թե հոսանքը: Այս դժվարին օրերին այդ օգնությունը հսկայական կլիներ: Այս ամիս մենք մոտ 400-450 լարի պետք է վճարենք գազի և էլեկտրաէներգիայի դիմաց», – ասում է Ախալքալաքի բնակիչ Մարինան:
Ամեն ինչ խորացնում է այն, որ տնտեսապես այս տարի ախալքալաքցիների, ինչպես և բոլորի համար շատ ծանր կլինի:
«Ընտանիքում 4 հոգի ենք: Այս տարի իմ որդին չհասցրեց արտագնա աշխատանքի մեկնել, և եթե անգամ նա հասցներ, այնտեղ էլ է կարանտին, աշխատանք չկա: Մենք բոլորս տանն ենք: Ես աշխատում էի, բայց ինքնամեկուսացման պատճառով ես նույնպես չեմ գնում աշխատանքի, առևտրով եմ զբաղվում: Մինչ այս էլ դժվար էր, բայց հիմա ընդհանրապես մղձավանջ է: Ես գաղափար չունեմ, թե որտեղից պետք է վճարեմ կոմունալ ծառայությունների համար, բացի այդ պետք է նաև սնվել: Մենք հաստատ արտոնությունից չենք օգտվի», – ասում է Ախալքալաքի բնակչուհին, ով չցանկացավ իր անունը տալ:
Մյուսներն էլ առաջարկում են, որ կոմունալ ծախսերը գոնե մասամբ ծածկվեն՝ համարելով, որ դա անարդար որոշում է բնակչության մի մասին օգնել, իսկ մյուսին՝ ոչ:
«Շատ լավ է, որ պետությունը նման լավ որոշում կայացրեց, բայց նրանք հաշվի չեն առել, որ մեր շրջանը բարձրլեռնային է, այստեղ ցուրտ է, ամեն ինչ օգտագործվում է ընդունված նորմայից ավելին: Թող գոնե մասնակիորեն փակկեն, հանեն այդ 200 կՎտ և խորանարդ/մետր լույսն ու գազը: Մեծ օգնություն կլիներ», – ասում է Ախալքալաքի մեկ այլ բնակիչ:
Ջավախքում երևի թե միայն բարձրահարկ շենքերի բնակիչները կկարողանան օգտվել գազի արտոնություններից, այն էլ մեկ սենյականոց կամ երկսենյականոց բնակարանների սեփականատերերը, որոնք ջեռուցվում են վառարաններով, այլ ոչ թե կենտրոնական ջեռուցման համակարգով: Կամ էլ այն գյուղացիները, որոնք բնական գազով չեն ջեռուցում իրենց տները:
Մենք դիմեցինք տեղական իշխանություններին՝ պարզելու, արդյո՞ք նրանք մտադիր են կառավարությանը տեղեկացնել, որ Ջավախքում բարձալեռ պայմաններում շատ ավելի շատ գազ և լույս է ծախսվում՝ Վրաստանի մնացած շրջանների համեմատ, և որ 200 խորանարդ մետր գազն այստեղ միջին ցուցանիշը չէ, այլ՝ նվազագույն:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը գտնում է, որ որոշումը կայացվել է, և փոփոխման ենթակա չէ:
«Կառավարությունը որոշում է կայացրել, որ 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա ծախսող քաղաքացիները օգնություն կստանան: Նույնը վերաբերում է 200 խ/մ գազին: Ես գիտեմ, որ մենք ունենք ավելի երկար ձմեռ, բայց սա ընդհանուր որոշում է: Հարցը, հավանաբար, ավելի շատ գազին է վերաբերում: 3 ամսվա՝ ապրիլի, մայիսի, հունիսի ծախսերն են ծածկում, որոնցից, ամենայն հավանականությամբ, միայն երկու ամիսը մեզ կվերաբերվի, ամենայն հավանականությամբ, ամենադժվարը մի ամիսն է», – ասում է նա:
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը պատասխանեց նույն հարցին, որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ: Ըստ նրա, նա պաշտոնական նամակով դիմել է իր կուսակցությանը, որպեսզի նրանք վերանայեն բարձրալեռ շրջաններում արտոնությունների պայմանները:
«Ամենայն հավանականությամբ, մեզ մոտ նույնիսկ կարիքավորները չեն օգտվի արտոնություններից: Ես ինձ համար չեմ ուզում այդ արտոնությունները, ես դրա կարիքը չունեմ: Դա պետք է այն մարդկանց, ովքեր չունեն հնարավորություն: Եթե էլեկտրաէներգիայի արտոնությունները որևէ մեկի համար հասանելի կլինի, ապա գազի դեպքում, ամենայն հավանականությամբ՝ ոչ: Մարդկանց համար շատ դժվար կլինի: Դա չի տարածվում տեղական օրենսդրության վրա, ուստի ես, որպես շտաբի պետ, այս հարցով կապ կհաստատեմ կուսակցության հետ», – ասում է Նաիրի Իրիցյանը:
Այս օրերին Ջավախքում մարդիկ աստիճանաբար ստանում են էլեկտրաէներգիայի գազի կոմունալ վճարումների էլեկտրոնային կտրոնները՝ 200-ից 400 լարիի չափով: Եվ սրտի դողոցքով բնակիչները կտրոններում փնտրում են սպառած խորանարդ/մետր գազի ցուցմունքը, ինչը նրանք նախկինում չէին անում…
Քրիստինե Մարաբյան