«Մենք ակնկալում ենք, որ ընտրություններում մեր ցուցանիշը զգալիորեն կգերազանցի 50%-ը», – այս մասին հայտնել է խորհրդարանի նախկին խոսնակ և «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:

Իշխող կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել է իր 150 թեկնածուներից կազմված համամասնական ցուցակը: Ըստ Կոբախիձեի, «Վրացական երազանքը» կունենա որակապես ու էապես ուժեղացված խորհրդարանական թիմ:

«Մենք ներկայացրել ենք մեր ընտրացուցակը, կան և՛ ներկայիս պատգամավորներ, և՛ նոր դեմքեր՝ ինչպես քսանյակում, այնպես էլ դրանից դուրս: Մենք կունենանք որակապես և էապես ուժեղացված խորհրդարանական թիմ բոլոր ոլորտներում, ներառյալ արտաքին քաղաքականությունը, առողջապահությունը և կրթությունը: Սա նույնպես պետք է դառնա մեր ընտրական հաջողության հիմքերից մեկը: Ներկայացված են շուրջ 40 գործող պատգամավորներ», – այսպես է նկարագրել Կոբախիձեն ընտրացուցակը:

«Մենք ակնկալում ենք, որ մեր ցուցանիշը 50%-ից բարձր կլինի, այսինքն մենք կարծում ենք, որ կարող ենք ստանալ 60%: Այսպիսով, համամասնական ցուցակում մոտ 70 մարդ անցողիկ են, այսինքն՝ մենք խորհրդարանում կունենանք 100 պատգամավոր (նկատի ունի 30 մեծամասնական պատգամավորների հետ միասին): Մենք դրա համար ունենք բոլոր ռեսուրսները, բայց ամեն ինչ պետք է որոշեն ընտրողները», – ասել է Կոբախիձեն:

Վերջինիս խոսքով, իշխող թիմը հնարավորություն ունի ձեւավորել միակուսակցական կառավարություն, ինչը, ըստ Կոբախիձեի, շատ կարևոր է երկրի ժողովրդավարական զարգացման համար:

«Ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ կոալիցիոն կառավարությունը բացառում է, քանի որ Վրացական երազանքը կարող է ազատորեն կազմել միակուսակցական կառավարություն, և դա շատ կարևոր է մեր ժողովրդավարական զարգացման կայուն շարունակման համար», – ասել է Կոբախիձեն:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին: Քաղաքացիները կընտրեն 150 պատգամավոր, այն նորամուծությամբ, որ նրանցից միայն 30-ն են ընտրվելու միամանդատ մեծամասնական ընտրատարածքներում: Նախկինում խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով պատգամավորների թիվը 73-ն էր: Ընտրական արգելքը նույնպես իջեցվել է և հասել նվազագույնի՝ 1%-ի, ինչը ենթադրում է ավելի շատ կուսակցությունների անցողիկությունը խորհրդարան: Այս ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 3,550 054 Վրաստանի քաղաքացի՝ ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում:

Աղբյուրը՝ «NewsGeorgia»