Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նա մասնակցում է պաշտոնական ընդունելությունների և հանդիպումների, ինչպես նաև պատասխանում Սահակաշվիլիի արտահանձնմանը վերաբերող հարցերին:
Պյոտր Պորոշենկոն ու նրա կինը Մարինա Պորոշենկոն պաշտոնական պատվիրակության կազմով Թբիլիսի ժամանեցին երեկ: Այսօր կայացավ երկու երկրների նախագահների պաշտոնական հանդիպումը: Նրանք ստորագրեցին «Վրաստանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության ձևավորման հռչակագիր»:
Ուկրաինայի նախագահը բանակցություններ կվարի Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Բացի այդ, Պորոշենկոն Մարգվելաշվիլիի հետ միասին կբացեն վրաց-ուկրաինական ներդրումային ֆորումը (համաժողով):
Հուլիս 19-ին Ուկրաինայի նախագահը կմեկնի Բաթումի, ինչպես նաև կայցելի Մեստիա լեռնային գյուղը՝ Սվանեթիում:
Ճեպազրույցը, որին մասնակցել է Պորոշենկոն, չանցավ առանց լրագրողների` Սահակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ հարցին: Առաջին հարցին Պորոշենկոն չպատասխանեց: Հետո լրագրողները կրկին հարցրեցին Պորոշենկոյին նույն հարցը:
«Վրացական կողմը չի դիմել Ուկրաինային Սահակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ, համապատասխանաբար, այս հարցը Ուկրաինան չի քննարկել», – ասաց Պյոտր Պորոշենկոն:
Կոնկրետացված հարցին, թե «Ինչ կանի Ուկրաինան, եթե Վրաստանը դիմի ուկրաինական կողմին նման խնդրանքով», – Պորոշենկոն ասաց.
«Մենք չունենք որևէ քաղաքական, տնտեսական, մարդասիրական և սոցիալական խնդիրներ Վրաստանի իշխանությունների հետ հարաբերություններում: Մենք ռազմավարական գործընկերներ ենք, ուկրաինական և վրացական ժողովուրդը շատ միասնական են, ես համոզված եմ, որ ոչ ոք չի բաժանի մեր ազգերին», – հայտարարել է Պորոշենկոն:
Այն բանից հետո, երբ Սահակաշվիլին մեկնեց երկրից, Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրեց նրան, պետական միջոցներից մոտ $ 5 մլն անձնական կարիքների համար յուրացնելու մեջ: Վրաստանի նախկին նախագահի նկատմամբ ներկա պահին ներպետական որոնում է հայտարարված:
Հարկ է նշել, որ Պորոշենկոյի այցը Թբիլիսի առաջինն էր, երկար տարիներ անց: Վերջին անգամ Թբիլիսի այցելել է դեռ նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Սահակաշվիլիի հրավերով:
Միխայիլ Սահակաշվիլին բաց չթողեց հնարավորությունը մեկնաբանել ստեղծված իրավիճակը, և հիշեցնել իր հասցեին հնչեցված մեղադրանքների շուրջ Ուկրաինայի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում:
«Ես ուրախ եմ, որ նախագահ Պորոշենկոն վերջապես մեկնեց պաշտոնական այցով Վրաստան: Հարաբերությունները պետք է զարգացնել, ինչպիսին էլ լինեն ներկայիս ղեկավարները: Չգիտեմ, գիտի թե չէ Պյոտր Ալեքսեյեվիչը, բայց ներկայիս Վրաստանի կառավարությունը իմ դեմ գործ է հարուցել օտարերկրյա հյուրերին դիմավորելու ծախսերի վերաբերյալ, և այնտեղ, ի թիվս այլ մեղադրանքների, կա «Վիկտոր Յուշչենկոյի լոգարանային ծառայությունը 28 եվրո արժողությամբ»: Այնպես որ, ես հույս ունեմ, որ նախագահ Պորոշենկոն իր հետ բերել է Կիևից սրբիչ և օճառ, խուսափելու համար ցանկացած բարդություններից», – գրել է Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:
Մինչդեռ, Ուկրաինայի դատախազությունը հայտարարել է, որ Սահակաշվիլիի արտահանձնումը նույնիսկ Վրաստանի իշխանությունների հայտով հնարավոր չէ իրավական տեսանկյունից: Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ, քանի որ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է նրա արտահանձնումը արգելվում է սահմանադրությամբ: