«Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա»,- Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումը հնչեցրել է հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը: Փոխանցում է Ալիք մեդիա լրատվականը:
Ըստ Սեսիաշվիլիի` երկու երկրներն էլ տեղյակ են Վրաստանի այս դիրքորոշման մասին ու ըմբռնումով են մոտենում:
Սեսիաշվիլին վերահաստատել է՝ «Վրաստանը Ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք է և բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»:
Վրաց պաշտոնյայի խոսքով` «երկու պետություններն էլ գնահատում են Վրաստանի դիրքորոշումը, քանի որ հարցը երկրի տարածքով ռազմական տեխնիկայի տեղափոխման է վերաբերում։
«Մենք կտրականապես մերժել ենք բոլորին: Դա գիտեն մեր հարևաններն ու հարգանքով են վերաբերվում: Մենք վերլուծում ենք իրավիճակը, հետևում ենք գործընթացին ու պատրաստ ենք ցանկացած սցենարի», — լրագրողների հետ զրույցում ասել է Սեսիաշվիլին` ընդգծելով, որ Վրաստանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը: