«Նինոծմինդա» մաքսակետում Վրաստանի 30 քաղաքացի, որոնք այսօր են վերադարձել Հայաստանից, առավոտվանից վրանում սպասում են, թե երբ են իրենց տեղափոխելու կարանտինային գոտի:
«Մենք առավոտվանից այստեղ ենք, մի վրանում ենք արդեն 10 ժամ է, 30 հոգի ենք: Բոլորս միասին ենք, եթե ինչ-որ մեկը նույնիսկ վարակակիր լինի, հիմա հավանաբար բոլորս վարակված պիտի լինենք: Ես չգիտեմ, թե ինչին ենք սպասում, մեզ ինչ-որ սնունդ են տվել», – ասում է 30 հոգուց մեկը, ով սպասում է մաքսատանը:
Ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էին Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնից, մունիցիպալիտետի բնակիչները տեղափոխվելու են Բաթումի՝ կարանտինային գոտի, քանի որ այսօրվանից Վրաստան մուտք գործող բոլոր քաղաքացիները կարանտինացվում են:
Այնուամենայնիվ, մեզ դեռ չի հաջողվել պարզել, թե ով է պատասխանատու այս մարդկանց կարանտին տեղափոխելու համար: Ախալքալաքի և Նինոծմինդայի ՀԱԿ-երում այս մասին չգիտեն: Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տարածաշրջանային գրասենյակից նաև հայտնեցին, որ մարդկանց կարանտինային գոտի տեղափոխումը նրանց պատասխանատվության ներքո չէ:
Ինչպես մեզ հաջողվեց պարզել ՆԳՆ-ից, մարդկանց կարանտին տեղափոխելու համար պատասխանատու է Առողջապահության նախարարությունը: Հարցին, թե որքան ժամանակ են սպասելու այդ մարդիկ և ուր են տեղափոխվելու, Jnews-ը դիմել է Առողջապահության նախարարություն և սպասում է պատասխանի: