Ախալքալաքում՝ Ազատություն և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում, կարմիր և դեղին գծանշումներ են արվել: Քաղաքապետարանում չգիտեն արդյո՞ք քաղաքի մյուս խաչմերուկներում ևս հետիոտնային անցումները նույն կերպ կներկվեն:
Ազատության փողոցի Չարենցի, Դարբինյանի, Ջավախիշվիլիի, Ճավճավաձեի և Ռուսթավելիի խաչմերուկներում հետիոտնային սպիտակ գծանշումներ էին հայտնվել անցած տարի: Այս տարի թարմացվել են ընդամենը մեկ ամիս առաջ, սակայն, երեք օր առաջ՝ Ազատություն և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում հետիոտնային անցումների գծանշումները ներկվել են կարմիր և դեղին գույներով:
Պարզելու համար, արդյո՞ք պատրաստվում են նման գծանշումներ անել մյուս խաչմերուկներում ևս, և ինչո՞ւ են ընտրել հենց այս խաչմերուկը, JNEWS-ը դիմեց քաղաքապետարան, սակայն Ախալքալաքի քաղաքապետարանից չկարողացան պատասխանել մեր հարցերին:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գույքի և պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանի, ինքը չգիտի, թե հետիոտնային անցումներն ինչու են հենց այս խաչմերուկում վերաներկվել:
«Ես չգիտեմ, արդյոք նման գծանշումներ կկատարվեն հետիոտնային այլ անցումներում: Հարցրեք վերահսկողության կամ ենթակառուցվածքների ծառայությանը», – ասաց նա և մեզ ուղղորդեց տնտեսագիտության և ենթակառուցվածքների վարչություն:
Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսագիտության և ենթակառուցվածքների վարչությունից ասացին, որ իրենք տեղյակ չեն այդ մասին, և մեզ կրկին ուղարկեցին այլ բաժին:
«Չգիտեմ, հարցրեք վերահսկողության ծառայությանը», – ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսության և ենթակառուցվածքների բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանը:
Վերահսկողության ծառայությունում փորձեցինք պարզել մեր հարցերի պատասխանը, բայց այնտեղ մեզ պատասխանեցին, որ բաժնի պետը տեղում չէ:
Դրանից հետո մենք դիմեցինք Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին, ով ասաց, որ ինքը ճշգրիտ տեղեկատվություն չունի, ինչպես նաև խորհուրդ տվեց մեզ հարցնել Վերահսկողության ծառայությունում:
Կեսօրից հետո JNEWS-ին վերջապես հաջողվեց զրուցել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Վերահսկողության ծառայության պետ Արշակ Մինասյանի հետ:
«Չգիտեմ, մեր գործը միայն վերահսկողությունն է: Ինչու այլ տեղերում գծանշումներ չեն արվել, և արդյո՞ք դրանք արվելու են, դա իմ գործը չէ: Ես չեմ կարող պատասխանել այս հարցերին, դա իմ իրավասության մեջ չի մտնում», – ասաց Արշակ Մինասյանը և խորհուրդ տվեց դիմել Ենթակառուցվածքների և տարածքային կառավարման ծառայությանը:
Այստեղից նույնպես չկարողացան պատասխանել մեր հարցերին:
Այս աշխատանքների տենդերը շահած Արշակ Ամոյանի խոսքով՝ այս պահին հետիոտնային անցումների գծանշումները կարմիր ու դեղին են ներկված միայն Ազատություն և Ջավախիշվիլիի փողոցների խաչմերուկում: Արդյո՞ք մյուս խաչմերուկներում նույնպիսի հետիոտնային գծանշումներ կլինեն, նա նույնպես չկարողացավ պատասխանել:
Նշենք, որ ճանապարհային նշանների և գծանշումների կատարման աշխատանքներն իրականացնում է ձեռնարկատեր Արշակ Ամոյանը, որը շահել է 34 600 լարիի չափով տենդերը:
Բրատիսլավ Իգիթխանյան