Որտեղի՞ց են Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները ստանում տեղեկատվություն և ինչ լրատվամիջոցների են վստահում: Ուսումնասիրությունն իրականացվել է PIN (People in need) հասարակական կազմակերպության «The importance of news in Samtskhe-Javakheti» նախագծի շրջանակներում:
Վերջին 10 տարիների ընթացքում տեղեկատվության փոխանցման ոլորտում շատ բան է փոխվել, համացանցն աստիճանաբար, հաստատուն կերպով արմատավորվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների կյանքում, ինչը նրանց կյանքը լցրել է հարազատների հետ հաղորդակցությամբ, խաղերով և սոցիալական ցանցերով: Շատ ավանդական լրատվամիջոցներ անցել են ինտերնետային ձևաչափերի: Դրա հետ մեկտեղ, առաջացել է ապատեղեկատվության եւ քարոզչության տարածման սպառնալիք: Ախալքալաքի մունիցիպալիտետի 4 գյուղերում հարցմանը մասնակցել է 30 մարդ: Եվս 7 հոգի հրաժարվել է պատասխանել հարցերին` ձայնագրիչի օգտագործման դեպքում: 15-ն ընդհանրապես հրաժարվել է պատասխանել հարցերին։ Հարցվածների մեծ մասը աշակերտներ և ուսանողներ են:
Հարցումն անցկացվել է մոտակա 4 գյուղերում՝ Խուլգումո, Կարտիկամ, Կուլիկամ, Բավրա, ինչպես նաև Ախալքալաք քաղաքում: «Տեղեկատվության կարևորությունը Սամցխե-Ջավախքում» նախագծի շրջանակներում երիտասարդ կամավորների հարցերին պատասխանել է 20 կին և 10 տղամարդ (17-66 տարեկան):
Հարցման համաձայն՝ հարցվողները հիմնականում տեղեկատվություն են ստանում սոցիալական ցանցերից՝ 30 մարդ: Նրանցից 27-ը տեղեկություն են ստանում Ջավախքի լրատվական կենտրոնի՝ Jnews.ge-ի սոցիալական ցանցերից։ 2 հոգի տեղեկատվություն են ստանում նաեւ հայկական հեռուստաալիքներից: Հարցվածներից 1-ը տեղեկատվություն է ստանում թերթերից:
«Տեղեկատվության համար ես օգտվում եմ տարբեր աղբյուրներից, երբ կան թերթեր` այնտեղից, իսկ հիմա մի քիչ ինտերնետից, հաճախ այլ մարդկանցից և մի քիչ էլ` հեռուստատեսությունից: Ապատեղեկատվությունը սխալ ձևակերպված տեղեկատվություն է` մարդկանց քաղաքական տեսակետի, մտածելակերպի վրա ազդելու համար: Ես ապատեղեկատվության զոհ երբեք չեմ դարձել, քանի որ մի քանի անգամ նորությունները վերստուգում եմ: Քանի որ կարծում եմ, որ չի կարելի տեղեկատվությունը տարածել, եթե վստահ չես դրանում: Ես բնությամբ դյուրահավատ մարդ չեմ, չնայած շատերը իմ ծանոթներից ընկել են ապատեղեկատվության ազդեցության տակ», – ասում է հարցվածներից մեկը՝ Եփրիկյան Լեոն:
Հարցվածներից բոլորը վստահ են, որ վերստուգում են տեղեկատվությունը: Դրանցից 27 հոգի վստահ են, որ գիտեն, թե ինչ է ապատեղեկատվությունը, իսկ 3-ը՝ չգիտեն: Հարցվածներից 28 մարդ կարծում է, որ ընկել է ապատեղեկատվության ազդեցության տակ, 2-ը` ոչ: Մեծ ճանաչում են վայելում սոցիալական ցանցերը, մասնավորապես` Facebook-ը, իսկ երիտասարդների շրջանում` Instagram-ը:
«Հիմնականում օգտվում եմ սոցիալական ցանցերից, նորություններն իմանում եմ Facebook-ից, Instagram-ից և այլ տարբեր կայքերից: Միշտ չէ, որ ստուգում եմ, բայց երբեմն ստուգում եմ: Ինչ վերաբերում է ապատեղեկատվությանը, ապա դա նույն տեղեկատվությունն է, որին մարդիկ էլի ինչ-որ բան են ավելացնում և ինչպես դա իրենց հարմար է՝ տարածում են: Պատահել է, որ ես ինքս եմ ընկել դրա ազդեցույթան տակ»,- ասում է հարցվածներից մեկը։
Ախալքալաքի շատ բնակիչներ, հատկապես ավագ սերունդը, դեռևս չեն օգտագործում սմարտֆոններ, ուստի տեղեկատվությունը ստանում են հեռուստատեսության միջոցով:
«Քանի որ ես ոչինչ չեմ հասկանում հեռախոսներից, իսկ հեռուստատեսության համար ժամանակ չունեմ, ես ամեն ինչ իմանում եմ ամուսնուցս կամ հարևանուհուց: Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչ է ապատեղեկատվությունը», – ասում է մեկ այլ հարցվող:
Շատերը, ովքեր հետաքրքրված են այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Ջավախքում, օգտվում են Ջավախքի լրատվական կենտրոնի պորտալից` Jnews.ge-ից:
«Հիմնականում հետևում եմ նրան, ինչ գրում է Jnews-ը, քանի որ ինձ հետաքրքրում է այն, ինչ կատարվում է Ջավախքում: Մնացածի մասին տեղեկանում եմ կամ ինտերնետից, կամ հեռուստատեսությունից: Որքանով տեղյակ եմ, ապատեղեկատվությունը դա կեղծ տեղեկատվությունն է», – ասում է 28-ամյա Մարինկան:
30 մարդուց 28-ը հետաքրքրված են տեղական նորություններով և, հետևաբար, կարդում են տեղական լրատվամիջոցները: Ի թիվս այլ լրատվամիջոցների, հիմնականում հարցվողները նախընտրում են հայկական ալիքները:
«Հիմնականում հեռուստատեսությունից, կարդում եմ հեռախոսով: Ես դիտում եմ նույն տեղեկատվությունը թե հայկական, թե ռուսական ալիքներով, ստուգում եմ, թե ով է ստում, չնայած մենք փոքր մարդիկ ենք, մեզ ինչ», – ասում է հարցվածներից մեկը:
Ջավախքի բնակիչների համար դեռ խնդիր է ինտեգրումը և պետական լեզվի չիմացությունը: Հետեւաբար, առկա տեղեկությունները հեշտացնում են տարածաշրջանի հայերին վրաց հասարակության մեջ ընդգրկելու գործընթացը:
Նյութը հրապարակվել է «The importance of news in Samtskhe-Javakheti» նախագծի շրջանակներում, որն իրականացնում է Վրաստանում գտնվող Չեխիայի ոչ կոմերցիոն կազմակերպությունը՝ «People in Need»-ը: Ծրագիրը ֆինանսավորվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության կողմից TRANSITION ծրագրի շրջանակներում և USAID-ի ֆինանսական աջակցությամբ: