Ախալքալաքի Արդարադատության Տան շինարարությունը երկրորդ տարին է անընդմեջ ձգձգվում է, շինարարների և պատվիրատուի միջև պայմանագիրը փոխվել է 10 անգամ: Վերջին փոփոխությունների համաձայն շենքի շահագործման վերջնաժամկետը սահմանված է նոյեմբերի 1-ը, սակայն ոչ շինարարները, ոչ էլ կողքից նայողները վստահ չեն, որ կհասցնեն:

Ախալքալաքի Արդարադատության Տունը կառուցվում է 2016 թվականի հունվարից և պայմանագրի համաձայն, աշխատանքները պետք է ավարտվեին մինչ 2016 թ.-ի սեպտեմբերը:

Ըստ մեր դիտարկումների, ձմռանը շինարարությունը գրեթե կանգնում է, սակայն ոչ ձմեռային ժամանակահատվածում նույնպես աշխատանքները անկանոն են: Անցած շաբաթվա ընթացքում մենք 5 անգամ այցելեցինք Արդարադատության Տան շինհրապարակ: Երկու անգամ հանդիպեցինք միայն երկու շինարարների, իսկ մնացած օրերին այնտեղ ոչ ոք չկար:

юст

Շենքը երկհարկանի է, երկրորդ հարկում միայն պատերն են փակված, բայց դեռ վերջնական տեսքի չի բերված: Ավարտված չեն աստիճանների, հատակի ու առաստաղի կառուցումը, սենյակներում կա շատ շինարարական աղբ: Առաջին հարկում նույն իրավիճակն է, նույնիսկ մի փոքր ավելի վատ:

юсти

Աշխատողներից մեկը` Գելան, պատերը փակում էր գիպսաստվարաթղթով: Նա մենակ էր աշխատում, երկրորդ հարկը ավարտել էր ու անցել առաջինին: Մյուս աշխատողը սենյակում ինչ-որ բան էր անում: Աշղեկ Մերաբ Խորավան շինհրապարակում չէր: Մենք նրա հետ խոսեցինք հեռախոսով:

Հեռախոսով նա չպատասխանեց մեր հարցերին, ասելով, որ վաղը նա կլինի շինհրապարակում և կպատասխանի հարցերին: Սակայն, թե «վաղը», և թե «մյուս օրը» շինհրապարակում նրան չտեսանք: Կրկնակի զանգից հետո նա ասաց, որ ինքն էլ է ուզում իմանալ շինարարության հետաձգման պատճառը:

юстиц

«Ֆինանսավորում չկա, մատերիալ չկա: Երբ լինի ֆինանս և մատերիալ մենք կշարունակենք շինարարությունը: Ես չգիտեմ, թե ումից է դա կախված: Ես իրավասու չեմ, ես չեմ վերահսկում, ես ուղղակի կառուցում եմ: Ղեկավարությունն ամեն օր ասում է, որ այսօր վաղը մատերիալները կուղարկի », – հեռախոսազրույցում ասաց աշղեկ Մերաբ Խորավան:

юстици

Պայմանագրի փոփոխությունների համաձայն, շահագործման վերջնաժամկետը հետաձգվել է մինչ 2017 թ.-ի նոյեմբերի 1-ը:
Շինարարությունը, ըստ աշխատողի, պետք է ավարտեն մինչ ընտրությունները, բայց որքանով դա իրատեսական է, Գելան չստանձնեց պատասխանել:

Մերաբ Խորավան նույնպես անիրական է համարում շինարարության ավարտը մինչ ընտրությունները:

Ձգձգման և շահագործման ժամկետի հետաձգման պատճառները պարզելու համար, զանգահարեցինք Արդարադատության նախարարություն և գրեցինք հարցում: Նրանք խոստացան մեկ օրից պատասխանել մեր հարցերին, սակայն պատասխան չստացանք: Նախարարության մամլո քարտուղարը նույնպես դադարեց պատասխանել մեր հեռախոսազանգերին:

Ախալքալաքի Արդարադատության Տան կառուցման մրցույթը հայտարարվել էր Արդարադատության նախարարության կողմից 2015 թվականի դեկտեմբերին: Շինարարության համար հատկացվել էր 2 212 693 լարի: Տենդեր-մրցույթին մասնակցել են 5 ընկերություններ: Շինարարության տենդեր-մրցույթը հաղթել է ՍՊԸ «Պրիզման»` 1 965 284 լարի գումարի չափով:

yust

Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունվարի 20-ին: Այդ ժամանակից ի վեր պայմանագիրը փոխվել է 10 անգամ, վերջին անգամ փոփոխություններ են կատարվել 2017 թ.-ի սեպտեմբերին:

Երբ կավարտվի Արդարադատության Տան շինարարությունը դեռ պարզ չէ, սակայն դեռ անցյալ տարի հայտարարվել էր մենեջերի պաշտոնի մցույթ, որը չկայացավ:

yusti

Շուշան Շիրինյան