Վրաստանում խորհրդարանական ընտրություններին մեկ ամիս է մնացել, Ախալքալաքում 5 կուսակցություն քարոզարշավ է իրականացնում, բացվել է 3 շտաբ։ Առայժմ միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է օգտագործում նախընտրական պաստառներ ու քարոզչական նյութեր։ Ինչո՞ւ մունիցիպալիտետում ընդդիմության ակտիվությունը դեռ չի զգացվում, ինչպիսի՞ն է նախընտրական իրավիճակն Ախալքալաքում, այս և այլ հարցերի պատասխանում են վերոնշյալ 5 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները։
Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում գրանցվել է 24 քաղաքական կուսակցություն, 14 կուսակցության գրանցումը մերժել են։ Այնուամենայնիվ, այն շրջաններում, որտեղ ազգային փոքրամասնությունները խիտ բնակեցված են, քաղաքական բազմազանություն չկա: Ախալքալաքում գործում է ընդամենը 5 կուսակցություն, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Տեղում գործող ընդդիմադիր կուսակցություններից են «Միացյալ ազգային շարժումը», «Լելոն», «Գախարիան՝ հանուն Վրաստանին» և «Ախալին»:
«Միացյալ ազգային շարժումն» այսօր ունի մարդկային ռեսուրսներ, քանի որ կուսակցությունն իշխանության էր դեռ «Վրացական երազանք»-ից առաջ։ «Լելո» կուսակցությունն առանձնապես աչքի չի ընկնում տեղում, սակայն այն սկսել է գործել հիմնադրման տարվանից, մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, ունի մեկ պատգամավոր Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում։ Ջավախքի քաղաքական դաշտի մյուս դերակատարը Վրաստանի նախկին վարչապետի «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունն է, որն ավելի ակտիվ է Նինոծմինդայի մունիցիպալիտետում, քանի որ այն ներկայացված է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորներով։ Ջավախքի համար նոր կուսակցությունը «Ախալի» կուսակցությունն է (Կոալիցիա հանուն փոփոխության), որը «ՄԱՇ» կուսակցության տարանջատված մասն է, սակայն կուսակցության ներկայացուցիչները նոր չեն, քանի որ կուսակցության տեղական ողնաշարը նախկին «ՄԱՇ»-ի ակտիվիստներն են:
Ջավախքի քաղաքական ոլորտը մինչ այժմ հիշեցնում է օղակի մեջ շարժում, որտեղ ակտիվիստները շրջանի մի հատվածից մյուսն են տեղափոխվում։ Այս օղակում դեռ նոր դեմքեր չկան, թեև կուսակցությունները դա խոստանում են։ Երիտասարդներն առանձնապես հակված չեն քաղաքականության մեջ մտնելու։ Ախալքալաքում ընտրություններից մեկ ամիս առաջ առանձնակի նախընտրական ակտիվություն չկա։ Պաստառները քիչ են, իսկ իշխող կուսակցության պաստառները՝ ընդամենը մի քանիսը։
Ընդդիմադիր կուսակցությունները քաղաքական անդորրը տարբեր կերպ են բացատրում:
Jnews-ը կուսակցության ներկայացուցիչների հետ զրուցել է սեպտեմբերի 20-ից 25-ը՝ մինչ կուսակցությունների ընտրացուցակների հրապարակումը
«Միացյալ ազգային շարժում»
«Ստանդարտ ընթացակարգեր են ընթանում, աշխատանքներ հանձնաժողովներում (խմբ. ընտրական հանձնաժողովներ) և այլն: Ասել՝ ակտիվորեն սկսել ենք աշխատել քարոզարշավի ուղղությամբ, դեռ ոչ: Կարծում ենք, որ դեռ շուտ է։ Այս տարի մենք ունենք նման ռազմավարություն՝ սկսել նախընտրական քարոզարշավը։ Կլինի թեկնածու, թե ոչ՝ պարզ կլինի 26-ին։ Բոլոր կուսակցություններն ընտրացուցակներ կներկայացնեն, կտեսնենք։ Քանի որ 26-ը համամասնական ցուցակների վերջին օրն է, մեզ էլ է հետաքրքրում, թե ովքեր են մեր հակառակորդները: Կողմերը նոր-նոր խոսում են բանակցում են իրար հետ։ Իսկ թե ես թեկնածու կլինե՞մ, ժամանակը ցույց կտա։ Ճնշումների մասին մենք կխոսենք շտաբի բացման ժամանակ»,- ասում է Ախալքալաքում «ՄԱՇ» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը։
«Լելո»
«Մենք դեռ ոչինչ չենք սկսել: Շտաբի բացումը նախատեսված է 5-ին: Մենք փնտրում ենք հարմար տարածքներ շտաբի համար։ Մենք փնտրում ենք այնպիսի մի վայր, որը հեշտ կլինի գտնել: Ինչ վերաբերում է ցուցակներում թեկնածուին, մենք դեռ չգիտենք, դեռ չեմ կարող ասել, քանի որ մինչև 26-ը ժամանակ կա։ Ինձ հետ այս հարցի շուրջ դեռ չեն խոսել։ Մեզ վրա ճնշում չկա, նման բան չկա»,- ասում է «Լելո» կուսակցության ներկայացուցիչ, Սակրեբուլոյի պատգամավոր Զաքար Զաքարյանը։
«Գախարիան՝ հանուն Վրաստանի»
«Մենք գրասենյակ ենք բացել Ախալցիխեում և այնտեղ է մեր մարզային գրասենյակը: Կարևորը գրասենյակները չեն, այլ ժողովրդին ծառայելը, իսկ դրա համար հարկավոր չէ գրասենյակ ունենալ: Ամենակարևորը անմիջական շփում ունենալն է: Մենք շուտով կներկայացնենք մեր ցուցակները, այնտեղ կլինեն ներկայացուցիչները, իհարկե, շատ ուրախ եմ, որ նա կին է: Մենք աջակցում ենք կանանց մասնակցությանը քաղաքականության մեջ։ 25-ին կլինի ընտրացուցակի շնորհանդեսը, այնտեղ էլ կներկայացնենք։ Դրանից հետո մենք կսկսենք աշխատել։ Ինչ վերաբերում է մեր կուսակցության ներկայացուցիչների վրա ճնշումներին՝ այդպիսիք չկան»,- ասում է «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչ Սոփո Խորգուանին:
«Ախալի»
«Թեկնածուն ես եմ լինելու: Նախընտրական քարոզարշավը սկսել ենք վաղուց՝ արդեն մեկուկես ամիս։ Աշխատում ենք, տնետուն են գնում ու կատարում «կար դա կար» ծրագիրը։ Նախկինի պես ճնշում չկա։ Ամեն դեպքում, ակնհայտ ճնշում չկա»,- ասաց «Ախալի» կուսակցության ներկայացուցիչ Մելիք Ռաիսյանը։
Այն մասին, թե որո՞նք են Ջավախքում ներկայացված կուսակցությունների կուսակցական ընտրացուցակները, ովքեր են տեղացիներից ընդգրկվել այնտեղ և որ ընտրական համարներով, նյութը պատրաստվում է և այն կհրապարակվի այսօր: