Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղի բնակիչները փակել էին կենտրոնական ճանապարհը՝ այդպիսով ցանկանալով իշխանությունների ուշադրությունը հրավիրել իրենց գյուղի խնդիրների վրա:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղի բնակիչներին մտահոգում են բազում խնդիրներ, որոնք դժվարացնում են կյանքը:
Գյուղացիներից մեկի խոսքով, իրենք փակել են ճանապարհը, որպեսզի իշխանությունները ուշադրություն դարձնեն սխալ բաժանված գյուղատնտեսական նշանակության հողերի խնդրին՝ ոմանք ունեն մի քանի տասնյակ հեկտար հողատարածք, իսկ մյուսները՝ ոչ մի:
«Գյուղատնտեսական նշանակության հողամասերի գրեթե կեսն օգտագործվում է այն անձանց կողմից, ովքեր չունեն սեփականության փաստաթղթեր: Արոտավարերի խնդիրը որոշ չափով լուծվել է», – ասում են Մեծ Խանչալի գյուղի բնակիչները:
Բնակիչները ներկայացրել են նաև գյուղական ճանապարհի ասֆալտապատման, ջրի և ճանապարհային նշանների բացակայության խնդիրները:
Պակաս կարևոր չէ ջրամատակարարման հարցը, որն առավել խնդրահարույց է դառնում ամռանը, ինչպես նաև գյուղամիջյան ճանապարհները, որոնք անձրևի ժամանակ դժվարանցանելի են դառնում:
Բնակիչների խոսքով, առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը սրվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Բնակիչները չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի և չգիտեն, թե ինչով զբաղվել:
Բնակչության հետ հանդիպմանը ներկա էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը բնակիչներին բացատրել է հողերի բաշխման նորմերը, ինչպես նաև խոստացել շաբաթվա ընթացքում պատասխանել մնացած հարցերին:
Փոխանցում է «RadioNor»-ը