Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խորենիա գյուղի ներքին գյուղական ճանապարհն ասֆալտապատվում է։ Աշխատանքի նախահաշվային արժեքը 922 915 լարի է։ Աշխատանքների մրցույթը շահել է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն։

Փոքր Խորենիա գյուղի ներքին ճանապարհի ասֆալտապատումը, կամրջից մինչև Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղի, ֆինանսավորվում է պետական ​​բյուջեից, Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջեի համաֆինանսավորմամբ։ Պետական ​​ֆինանսավորումը կազմում է 56,75%, իսկ տեղական բյուջեինը՝ 43,25%:

Աշխատանքները կտևեն երկու տարի և կշարունակվեն մինչև 2025 թվականը։ 2024 թվականին հատկացված է 426 948 լարի, իսկ 2025 թվականին կհատկացվի 495 967 լարի։ Խորենիայի կամրջից Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղի տանող ճանապարհի երկարությունը 2 կմ է։
Աշխատանքների մրցույթը շահել է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն, այժմ ընթանում է փաստաթղթերի գնահատման և պատրաստման գործընթացը։

Այս ճանապարհից օգտվում են նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Մեծ Խորենիայի բնակիչները, որոնց համար այն միակ ճանապարհն է, որը գյուղը կապում է մնացյալ աշխարհի հետ։

«Այո, Նինոծմինդայի մունիցիպալիտետը մրցույթ է հայտարարել Փոքր Խորենիա գյուղի ներգյուղական ճանապարհի ասֆալտապատման համար։ Այն նաև մեր ճանապարհն է, մենք այս ճանապարհով ենք տեղաշարժվում և, իհարկե, դա լավ է»,- ասում է Մեծ Խորենիա գյուղի մասնագետ Արկադի Ֆիդանյանը։