Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական կառավարությունը, նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամրջի վերանորոգման համար, նախընտրել է երկաթե ծածկույթի տարբերակը: Սակայն, վերանորոգումը կիրականացվի միայն հաջորդ տարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետը, քաղաքը նախկին զինվորական թիվ 1 ավանի հետ կապող հետիոտնային կամուրջը վերանորոգելու համար, վերականգնողական երկու՝ փայտե և երկաթե ծածկով նախագծերից, նպատակահարմար համարեց ընտրել երկաթե ծածկով տարբերակը: Այս նախագծի նախահաշվարկը կազմում է մոտ 170 000 լարի:
«Ավելի լավ է միանգամից ընտրել երկաթե տարբերակը, որպեսզի ամեն տարի չվերանորոգել, ամեն տարի վերանորոգումը ձեռնտու չէ: Վրաստանում մենք համապատասխան փայտանյութ չունենք, իսկ ներմուծումն էլ ավելի թանկ կնստի », – ասում են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պլանավորման և տնտեսական բաժնից:
Այնուամենայնիվ, ըստ Ախալքալաքի քաղաքապետի, հաջորդ տարի կիրականացվի հիմնանորոգում:
«Հիմա մենք կամրջի վերանորոգման համար ոչինչ չենք նախատեսել: Հաջորդ տարի մենք հիմնովին կվերանորոգենք այն, այնպես որ այս տարի գումար չենք ծախսի վերանորոգման վրա, բայց եթե կամրջի վիճակը ծայրահեղ ծանր լինի, մենք սպասարկման կենտրոնին կխնդրենք փոխել մի քանի փայտե տախտակ, և այդպիսով կկարողանանք ձգել մինչև հիմնովին վերանորոգումը », – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։
Հիշեցնենք, որ այս կամուրջը միակ հետիոտնային ճանապարհն է, որը կապում է քաղաքը Ջիվանի թաղամասի եւ նախկին №1 զինվորական ավանի հետ: Վերջին անգամ կամուրջը հիմնովին վերանորոգվել է 8-10 տարի առաջ, իսկ դրանից հետո մի քանի անգամ իրականացվել է առանձին անցատախտակների մասնակի վերանորոգում: Այսօր կամուրջը կրկին վտանգավոր է տեղաշարժման համար:
Փայտե կամրջի երկարությունը մոտ 200 մետր է:
Պատրաստ է հետիոտնային կամրջի վերականգնման երկու նախագիծ
Օրեցօր Ախալքալաքի կամրջի վիճակը վատթարանում է
Զինվորական ավանի կամուրջը հիմնովին չի վերանորոգվի
«Կամրջից այն կողմ» ապրող մարդիկ բողոքում են կամրջի վատ վիճակից
Ախալքալաքի հետիոտնային կամուրջը կրկին անցքեր ունի