Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, համագործակցության հուշագիր է ստորագրվել HEKS-EPER Georgia կազմակերպության և Ախալքալաքի քաղաքապետարանի միջև: Հուշագիրը ստորագրել են Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի մենեջեր Գիորգի Թվալիշվիլիին և Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը:

Կողմերը պարտավորվում են ամրապնդել քաղաքացիական հասարակությունը՝ համատեղ ջանքերով և խթանել քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը որոշումների կայացման և իրականացման գործընթացներում:

memorandum1

«Ծրագրի նպատակն է՝ տեղական մակարդակի ոչ պետական կազմակերպություններին, ակտիվիստներին ներգրավել բյուջեի պլանավորման, գենդերային և էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող հարցերում, որպեսզի առավել հստակ պլանավորվի բյուջեն և քննարկվեն բոլոր այն հարցերը, որոնք անրաժեշտ են բնակչության շահերի պաշտպանության համար», – Jnews-ի հետ զրույցում ասաց ծրագրի մենեջեր Գիորգի Թվալիշվիլին:

Համաձայն հուշագրի՝ քաղաքապետարանը պարտավորվում է աջակցել նախագծով նախատեսված աշխատանքների անխափան իրականացմանը, ինչպիսիք են տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր ներկայացուցիչների մասնակցությունը կրթական/տեղեկատվական գործունեությանը, քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը մասնակցային և գենդերային զգայուն բյուջեի պլանավորման և որոշումների կայացման գործընթացներում՝ անդրադառնալով գենդերային բյուջետավորման և քաղաքականության գնահատման քարոզարշավների պահանջներին:

HEKS-EPER Georgia-ն պարտավորվում է՝ հասարակությանը տեղեկատվություն տրամադրել ծրագրի շրջանակներում նախատեսված և իրականացվող գործողությունների մասին, աջակցել հասարակական կազմակերպություններին և ծրագրի թիրախային խմբերի ներկայացուցիչներին ներգրավել միջոցառումներում։